Ըստ NBC News-ի՝ ԱՄՆ օդային տարածքում այս տարվա փետրվարի սկզբին խոցված չինական օդապարիկը կարող էր հավաքել գաղտնի տվյալներ ամերիկյան մի քանի ռազմական գաղտնի օբյեկտների վերաբերյալ եւ հեռավար կերպով փոխանցել դրանք:
Ընդ որում՝ օդապարիկը կառավարվել է Չինաստանի կողմից, հետեւաբար այն կարող էր մի քանի անգամ թռիչքներ իրականացնել որոշակի օբյեկտների վրայով եւ հավաքել տեղեկություններ եւ իրական ժամանակում դրանք փոխանցել Պեկինին:
NBC News-ը մանրամասնում է, որ հետախուզական այն տվյալները, որոնք հավաքվել են Չինաստանի կողմից, առաջին հերթին եղել են սպառազինական համակարգերի էլեկտրոնային ազդակներ, որոնք «որսացվել» են օդապարիկի հատուկ ընկալիչների միջոցով, ինչպես նաեւ այդ ռազմական գաղտնի օբյեկտների անձնակազմների նամակագրությունները:
Սակայն թե կոնկրետ ինչ բովանդակության տվյալներ կարող էին այդ ազդակները կամ նամակագրությունները պարունակել, չի մանրամասնվում: Օդապարիկը ավելի շատ տեղեկություններ կարող էր ձեռք բերել, եթե ամերիկյան կողմը չխոչընդոտեր վերջինիս աշխատանքը:
Ուշագրավ է այն, որ խոցված օդապարիկի նախնական զննության եւ անալիզի ընթացքում հայտնաբերվել է ինքնաոչնչացման մեխանիզմ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչու չինական կողմը այդ մեխանիզմը չի գործարկել եւ թույլ է տվել, որ ամերիկյան ուժայինները խոցեն վերջինիս: Հնարավոր է, որ պարզապես ինչ-որ տեխնիկական խնդիր եղած լինի, եւ այդ ինքնաոչնչացման մեխանիզմը չգործի: