Գյումրու Կոշտոյան փողոցում 35 տարի առաջ տեղադրված մետաղյա տնակում Մկրտչյանների 5-հոգանոց ընտանիքը վարձով է ապրում:
Ընտանիքում երկու անչափահաս երեխաներ են մեծանում: Որ Գյումրիում տնակում մաքառելով երեխա մեծացնելը, ցրտից պաշտպանելը սովորական են, արդեն հայտնի է, բայց որ երեխան սոված է ու մայրական կաթի փոխարեն նշանակված կաթնախառնուրդ գնելը՝ գրեթե անհնարին, լուրջ մտահոգվելու առիթ է:
Հինգ անգամ վիրահատված Խանում Մկրտչյանը, չնայած առողջության խնդիրներին, մաքրուհի է աշխատում Գյումրու բժշկական կենտրոնում:
Ֆիզարձակուրդում գտնվող կինը 2022 թվականի նոյեմբերին դիմում է գրել Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժին, որ երեխային հասանելիք ամսական գումարը ստանա: Թղթաբանական քաշքշուկի պատճառով մերժվել է: Ստիպված նորն է գրել, որը հաստատվել է փետրվարին, բաց թողնված ամիսների համար էլ չեն փոխհատուցել:
«Գիտեինք, որ ստանալիք ունենք, խանութից պարտքով սնունդ ու հիգիենայի պարագաներ էինք գնել: Այժմ փաստի առաջ ենք, չգիտենք՝ ինչպես մարենք պարտքը»,- ասում է Խանումը:
Չորսամյա աղջկա մանկապարտեզի վարձը նույնպես վճարել չեն կարողանում, ստիպված են երեխային հանել մանկապարտեզից:
Տան հայրը՝ Արտյոմը, մշտական աշխատանք չունի, օրավարձով է աշխատում, որն անգամ կոմունալ եւ ամենաառաջնային պարենի խնդիրը չի լուծում: Տան տատիկն էլ չնչին գումարով տներ է մաքրում:
«Տնակ տաքացնելը Գյումրիում անասելի դժվար է, գազ չկա, վառելիքն էլ աստղաբաշխական թվերով են վաճառում: Տանը նստած չեմ, աշխատում եմ, բայց աշխատավարձը Գյումրիում ցածր է, ամեն ինչի գինը՝ բարձր»,- ասում է Արտյոմը:
Ընտանիքով ցրտահարվե՞լ, թե՞ 5 ամսական երեխայի համար մանկական կաթնախառնուրդ գնել. այս երկընտրանքի առաջ գտնվող ընտանիքը հույս ունի, որ կգտնվեն մարդիկ ու կօգնեն իրենց: «Թեկուզ միայն մանկական սնունդով էլ օգնեն, անչափ բարի գործ արած կլինեն»,- ասում են ծնողները:
«Թող աշխատեն, ապրեն, կամ երեխա չունենան» անփոփոխ արտահայտությունը ցիտողներին էլ հորդորենք, որ առաջին քարը նետելու գայթակղությունը զսպեն: Գյումրիում աշխատանք գտնելը ամենադժվար գործն է: Քաղաքում անգամ կատակում են՝ գործատուն հա՛մ աշխատանք տա, հա՛մ աշխատավա՞րձ:
Երբ պետությունը նվազագույն աշխատավարձը հաշվարկելիս հաշվի չի առնում, որ իր սահմանած գումարը կոմունալ վճարներին անգամ չի բավարարում, նպաստից օգտվելու հնարավորությունից էլ զրկում է քաղաքացուն, ունենում ենք նման վիճակ: Արհեստականորեն ստեղծված հանգամանքներն էլ ստիպում են, որ քաղաքացին գերադասի նպաստով գոյատեւելը, քան թե աշխատելը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։