Վճռվել է, փաստորեն, դավաճանության թեման թեժ են պահելու։ Դավաճաններին ու 5-րդ շարասյանն ավելացան 11000 դասալիքները։ Թե ինչպես են հաշվել, հայտնի չէ, բայց, դուրս է կասկածից, անհրաժեշտության դեպքում թիվը կարող է եւ ավելանալ։ Նպատակը մեկն է՝ ցանկացած գնով հանրությանը ներշնչել, թե հաղթանակի համար իշխանությունն ամեն ինչ արել է, իսկ ահա բանակը, որ դասալիքների ու դավաճանների որջ է, չի կռվել։
Ժամանակ առաջ դեռ կարելի էր մտածել, թե նման հայտարարությունները պատահական են, այժմ արդեն ակնհայտ է՝ գործ ունենք մտածված քարոզչության հետ։ Քարոզչություն, որի նպատակը պատասխանատվության բեռից ազատվելն է։
Եթե պարտության վավերացումից օրեր անց՝ 2020-ի դեկտեմբերին, Փաշինյանն ասում էր՝ «ես եմ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը», ապա այժմ որոշել է իրենից հեռու վանել ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ մեղավորությունը․ մեղավոր ու պատասխանատու են նախկինները, մեղավոր են նախկինների նախկինները, մեղավոր են դավաճանները, մեղավոր է 5-րդ շարասյունը, իսկ հիմա ավելացան դասալիքները։
Այսպես է, ու այսպես էլ շարունակվելու է, քանի դեռ սեփական սխալներն ընդունելու քաջություն չկա։ Ընդհանրապես՝ մեր երկրի անցած ուղին անաչառ վերլուծելու, անաչառ գնահատելու քաջություն չկա։ Ճշմարտությունը պեղելու, ի ցույց դնելու նպատակը չկա։
Այսքան ժամանակ է անցել, բայց չեն կարողանում ընդունել եւ ասել բարձրաձայն, որ դեպի այս պարտություն մենք գնացել ենք ինքներս։ Այն պահից, երբ Հայաստանում վճռեցին, որ մերժում են առարկայական բանակցություններով ու փոխզիջումներով Արցախի խնդրի լուծման տարբերակները, երբ որոշեցին, որ ազատագրված տարածքներ հայտարարված ադրբեջանական շրջաններից ոչ մի թիզ չեն զիջելու, երբ բանակցություններին մոտեցան 2018-ից հետո դրսեւորված թեթեւամտությամբ, Հայաստանը գնացել է դեպի պատերազմ ու դեպի այս նվաստացուցիչ պարտություն։
Ակնհայտ փաստ էր՝ շրջափակված ու ռեսուրսազուրկ Հայաստանը չէր կարող ունենալ նույնքան տնտեսական ու ռազմական ներուժ, ինչ ռեսուրսներով հարուստ ու չշրջափակված Ադրբեջանը։ Հետհայացք կարելի է տեսնել, թե տարի առ տարի, հատկապես՝ 2009-2010 թվականներից սկսած, ռազմական ինչ բյուջե են ունեցել նրանք, եւ ինչ՝ մենք։ Սրան էլ եթե ավելացնենք բանակը համապատասխան զինատեսակներով համալրելու պարտավորություն ունեցողների ագահությունը, բանակի հաշվին հարստանալու նրանց մոլուցքը, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում իշխանության ու բանակի հրամանատարական կազմի ապիկարությունը, ինչի մասին շատ է խոսվում հիմա, ապա մարտադաշտում գտնվող զինվորների վիճակը պարզ կդառնա։
Ինչպե՞ս պետք է նրանք պաշտպանվեին ժամանակակից չափորոշիչներով կազմակերպված ու մարզված հակառակորդի բանակի զինանոցում գտնվող գերժամանակակից զինատեսակներից ու չհեռանային իրենց դիրքերից։ Դավաճանների թեման շահարկողներին բավարա՞ր էր լինելու, եթե 4000 զոհվածի փոխարեն 14 000 ունենայինք։
1990-ականների առաջին տարիներին մենք հաջողություն գրանցեցինք, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները նույնական էին։ 1990-ականների վերջերին արդեն պարզ էր՝ եթե խնդիրը չլուծենք, ապա ժամանակի ընթացքում ուժերի հարաբերակցությունն ի վնաս մեզ է փոխվելու։
Չցանկացանք ու չլուծեցինք։ Մեր ընտրությունն էր։ Մե՛նք ընտրեցինք դեպի կորուստներ ու դեպի պարտություն տանող ճանապարհը։ Սա է, որ ընդունել ու բարձրաձայնել է պետք։
Չկան դասալիքներ, չկա ու չի եղել 5-րդ շարասյուն, դավաճաններ էլ եթե կան, ապա ոչ այնքան, որ վճռորոշ լինեն։ Կան անպատասխանատուներ, կան անհեռատեսներ, որ քսանհինգ տարի շարունակ բարձրագույն իշխանավորներ են։ Իրար հաջորդելով՝ նրանք են տարել մեզ փորձության ու փորձանքների։ Նրանք են հասցրել մեզ պարտության ու այսօրվա վիճակին, բայց ոչ մի կերպ իրենց մեղքն ու իրենց պատասխանատվությունը ընդունել չեն ցանկանում։
Պարտությունն, իհարկե, հարցեր է առաջացնում։ Չառաջացնել չի կարող։ Բայց պատասխանատվությունից խուսափելու մարմաջով տարված դիմել գեբելսյան քարոզչության հնարքներին, լինել այսչափ դաժան ու այսչափ ցինիկ՝ չի կարելի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։