Կառավարությունը որոշում է ընդունել պետական բյուջեից 817 միլիոն 300 հազար դրամի փոխհատուցում տրամադրել 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով վնաս կրած ընկերություններին:
Փոխհատուցում կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական եւ ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ների պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) էլ վնասվել է հակառակորդի գնդակոծությունից։ Տուժած 20 տրանսպորտային միջոցներից մեկի համար փոխհատուցման գումար չի հաշվարկվել՝ փաստաթղթերի բացակայությամբ հիմնավորմամբ։
Փոխհատուցման որոշումն ընդունվել էր 2022-ի դեկտեմբերի 15-ին, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը գույքի գնահատման եւ փոխհատուցման հաշվարկ է արել։