Ադրբեջանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին ապրիլի 6-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Դեսպանին հայտնել են, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների «դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող եւ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար» պաշտոնական Բաքուն «անցանկալի անձ» է հայտարարել: Նշվում է նաեւ, որ իրանցի դիվանագետներին պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը:
Ընթացիկ տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր իրանական գործակալական ցանցի դեմ հատուկ գործողության մասին։ Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։ Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր եւս 39 մարդու ձերբակալության մասին: Բաքվում նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել հօգուտ Իրանի դիվերսիոն գործունեության համար: