Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում Միացյալ Նահանգների հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») 2 ամիս տեւողությամբ ամենամյա զորավարժություններին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի հաստատել իր մասնակցությունն այս զորավարժություններին։
Ապրիլին անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու են մոտ 9000 ամերիկացի եւ մոտ 17 հազար օտարերկրացի զինծառայող՝ 26 դաշնակից եւ գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասն անցկացվելու է եվրոպական 10 երկրում։ «Defender-23» զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 հազար միավոր տեխնիկա՝ վերցված նախապես ստեղծված պաշարներից։
Սինգհը հավելել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի` մարտունակ զորքերը եւ տեխնիկան արագ տեղակայելու կարողությունը, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից:
Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվել է Defender-23 («Պաշտպան-23») զորավարժության մասին հոդվածը, եւ Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։ «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանն ի պատասխան Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է՝ ինչու է Հայաստանը ներառվել «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում, իսկ որոշ ժամանակ անց հեռացվել ցանկից։ «Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին եւ չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:
Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ՊՆ-ն 2023-ին նախատեսում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կազմակերպած 2 այլ՝ KFOR («Կոսովոյի ուժեր») եւ Saber Junction («Միաձուլված սուր») զորավարժություններին։