Արցախի կառավարության, իրավապահ մարմինների եւ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ վերջիններիս կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում Արցախում մանրածախ ապրանքների գնաճը սկսել է կարգավորվել։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումից հետո մի խումբ տնտեսվարող սուբյեկտների անօրինական գործողությունների հետեւանքով շուկայում ձեւավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ: Ներսիսյանը հավելել է, որ այս առումով համագործակցությունը բավականին արդյունքներ է ապահովել։
Ըստ նրա՝ համատեղ մշակվել են եւ շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու եւ դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը։ «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը»,– նշել է պետնախարարը։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակական են լինելու։