Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում Փաշինյանը կարեւորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետեւողական քայլերի իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների եւ դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ներառյալ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Ըստ «Peacekeeper» տելեգրամյան ալիքի՝ ՌԴ խաղաղապահները ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ապրիլի 7-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել ՌԴ 63 քաղաքացու, ներառյալ՝ 6 երեխայի: