Մեղրի համայնքում շաբաթներ է, ինչ անհանգիստ են։ Ծրագրեր կան վերաբացելու Լիճքի հանքավայրը, որը Մեղրի եւ Այրիջուր գետերի միջեւ շուրջ 58 հա տարածք է զբաղեցնում։ Վերաբացման իրավունքի համար դիմել է ռուսական կապիտալով աշխատող եւ ռուս օլիգարխի պատկանող ՀՀ ամենամեծ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։
Նախօրեին մեղրեցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ձախողելով հանրային առաջին լսումը։ Համայնքապետը Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից Բագրատ Զաքարյանն է, որը կողմ է հանքի շահագործմանը, բայց հայտարարում է, թե կընդունի համայնքի որոշումը։ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը» դեմ է, կողմ է նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նրանք կարծում են, որ «ԶՊՄԿ-ն տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով նվազագույնի կհասցնի բնապահպանական ռիսկերը»։
Իսկ հիմա՝ ըստ էության։
Առաջին՝ գիշերուզօր բոլոր հնարավոր էկրաններից ու ձայնափողերից «հակառուսականություն, ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն» քարոզող Արամ Սարգսյանի կուսակցության համայնքապետը կողմ է, որ եւս մեկ հանք բացվի ու տրվի ռուս օլիգարխին։ Ավելին՝ նույն Արամ Սարգսյանը կողմ է նաեւ Ամուլսարի ցիանիդային հանքի բացմանը, դե մեկ է, ինքը Հայաստանը Երեւանից ու իտալիաներից կսիրի։
Գիշերուզօր ինքնիշխանությունից, ռուսական կախվածությունից դուրս գալու եւ Արեւմուտք գնալուց խոսող «Քաղաքացիական» պայմանագիրն էլ է կողմ՝ ի դեմս Մեղրի համայնքի իրենց խմբակցության ղեկավարի։
Երկրորդ՝ Հայաստանի տնտեսությունը արդեն իսկ տոտալ կախվածության մեջ է հանքարդյունաբերությունից, դրա արագ ու հեշտ եկամուտներից։ Հանք բացել, հումք հանել ու վաճառելը ամենադյուրին, խելք չպահանջող, տնտեսական կայուն զարգացումը հերքող մոդելն է, Հայաստանի պարագայում դրան է գումարվում նաեւ եկամուտների անհավասար բաշխումը, իսկ բնապահպանական վնասը, հակառակը, հավասարապես ընկնում է բնության ու համայնքի բնակիչների ուսերին։
Հանքարդյունաբերությունը Հայաստանում թմրանյութ է, որը տարեցտարի փակ շղթայով էլ ավելի է կլանում տնտեսությունը եւ էլ ավելի է ազդակիր մարզերն ու բնակիչներին կախվածության մեջ գցում։
Երրորդ՝ պետությունը եւ իշխանությունը, որ չեն կարողանում պաշտպանել սահմանները, չեն կարողանում կառավարել արտաքին ռիսկերը, որ ունեն «Համերի» վարորդ Երեւանի կենտրոնում, որը ունի ճվճվ Արոյի՝ խուլիգանության ոսկե ստանդարտ դարձած որդի, խոսում է ռիսկերի կառավարումից։
Իշխանությունը, որը չի կարողանում կառավարել երկրի մայրաքաղաքում ալրաղացի շենքի փլուզումը, եւ միայն երջանիկ դիպվածով մարդկային զոհեր չեն լինում մետրոյում, իշխանությունը, որը չի կարողանում վերահսկել մանրածախ ու մեծածախ բիզնեսները եւ միայն հետին թվով է գտնում միլիարդավոր դրամների խախտումները, խոսում է ռիսկերի կառավարումից։
Չորրորդ՝ ներկա ֆինանսական ներհոսքի եւ տնտեսական աճի պարագայում Հայաստանը կարիք ունի ոչ թե նոր հանքերի, այլ ֆինանսական ահռելի մուտքերի ուղղմանը կապիտալ ենթակառուցվածքային ծախսերին ու կապիտալ ներդրումներին թեթեւ ու ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների ու տուրիզմի ոլորտում։ Իսկ այս վիճակում եւս մեկ հանք եւս մեկ ռուս օլիգարխի համար էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը Սյունիքում՝ Մեղրիում, եւ էլ ավելի է դեգրադացնելու մարդկանց սպասումներն ու ընկալումները ապագայի վերաբերյալ։
Ի վերջո, այսպես է լինում, երբ հանքային լոբբին սուրբ կույսերի դեմքով ու քարոզով քայլ առ քայլ գրավում է դաշտը, պետության տնտեսական եկամուտները տոտալ կախվածության մեջ է գցում հանքային դոլարներից, երբ ինքնիշխանությունից ու ժողովրդավարությունից խոսող իշխանությունները էլ ավելի են կախվածության մեջ գցում երկիրը ռուսական կապիտալից եւ օլիգարխներից։
Իսկ արդյունքում մեզ մնում են թմրամոլ տնտեսական էքստրակտիվ համակարգ, ավերված բնություն, հանքի գերի բնակչություն եւ նեղ խմբակ՝ միլիոնավոր եկամուտների ասեղի վրա նստած։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։