ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտնել է, որ պոլիկլինիկաների աշխատաժամանակի անհարմարության առնչությամբ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով որոշվել է փոփոխություններ մտցնել հանրապետության պոլիկլինիկաների աշխատաժամանակում: Մի քանի ամսից բժիշկների ընդունելությունը պոլիկլինիկաներում կլինի առավոտյան 9:00-ից միչեւ 13:30-ը եւ 13:30-ից մինչեւ 19:00-ն, իսկ լաբորատոր բաժանմունքը կաշխատի առավոտյան 08:00-ից։
Ըստ փոխնախարարի՝ դա աշխատող քաղաքացիներին հնարավորություն կընձեռի պոլիկլինիկա այցելել առանց աշխատանքից ուշանալու կամ աշխատավայրից շուտ դուրս գալու: Արտակ Ջումայանը հավելել է, որ թեեւ պոլիկլինիկաների աշխատաժամանակը երկարացվում է, սակայն դա չի նշանակում, որ բուժանձնակազմը հավելյալ ծանրաբեռնվելու է: «Կաշխատի մեկ կամ երկու բուժքույր՝ կախված հերթագրված բուժառուների թվից»,- նշել է նա: Նախատեսված է նաեւ նեղ մասնագետի հերթապահություն՝ շաբաթական մեկ օր: