Շրջակա միջավայրի նախարարությունը թույլատրել է Սեւանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս անել: Հաստատվել են Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները եւ ժամանակահատվածը։ 2023-ի որսաշրջանի համար Սեւանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը սահմանվել է 300 տոննա: Կարաս եւ խեցգետին կենդանատեսակների համար որսի չափաքանակ չի սահմանվել: Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը։
Սիգի որսն արվում է Սեւանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա` բացառելով «Սեւան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները։ Սիգի որսն արվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի)։ Արգելվում է որսն անել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։
Արգելվում է ձկների որսն անելու նպատակով Սեւանա լիճ մուտք եւ ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020-ի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաեւ ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում։ Սեւանա լճում սիգ ձկնատեսակի նպատակներով որս անել ցանկացող իրավաբանական անձինք մինչեւ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը պետք է ներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն։