Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական եւ տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) առաջիկայում դադարեցնելու է որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտոնյան նշել է, որ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության եւ հեռուստաընկերությունների միջեւ կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: Հայրապետյանը շեշտել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։
Ըստ պաշտոնյայի՝ նախարարությունը փորձել է բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ մի քանիսն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» եւ «Ֆորտունա» հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով կդադարեցվի։ Հայրապետյանն ընդգծել է, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետեւանք է։