ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 11-ին՝ 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են նաեւ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: ՊՆ-ն առայժմ չի շտապում հրապարակել զոհերի եւ վիրավորների ստույգ թիվը:
Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ ունենք առնվազն 3 զոհ, վիրավորների թիվը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ 17:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են կրակել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ «Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը եւ էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»,- նշել է Գրիգորյանը: