Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի համոզմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները մարտի դաշտում կարող են դիվանագիտական կարգավորման հեռանկարներ ստեղծել։ Ամերիկյան հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը կրկնապատկել է իր ռազմական ջանքերը։ ԿՀՎ տնօրենը հավելել է, որ Կիեւը Վաշինգտոնի աջակցությամբ կարող է հակահարված հասցնել Մոսկվային։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Արեւմուտքը ճնշում չի գործադրում Կիեւի վրա հակահարձակման ժամկետների առնչությամբ, նման ճնշում ավելի շատ ուկրաինական հասարակությունից ենք զգում։ «Մեր բոլոր բարեկամները հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք: Հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ»,- հավելել է Շմիգալը։ Նա ընդգծել է, որ հակահարձակմանը պատրաստվելու համար Կիեւին լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ: «Մեզ ավելի շատ հրետանի, զինամթերք, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներ, տանկեր եւ կործանիչներ են պետք»,- ասել է վարչապետը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի անսասան աջակցությունն Ուկրաինային եւ նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու ջանքերին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իր ուկրաինացի գործընկեր Ալեքսի Ռեզնիկովի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը շատ բան պետք է անի անհրաժեշտ հաջողությանը հասնելու համար։ Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ հետախուզության տեսանկյունից Ուկրաինան դեռ խնդիրներ ունի զորքերի կենտրոնացման եւ զինամթերքի ու տեխնիկայի առումով, եւ ներկա պայմաններում Կիեւը հնարավորություն ունի Ռուսաստանից հետ գրավելու բռնազավթված տարածքների միայն մի փոքր մասը: Մինչդեռ Կիեւը նախատեսում է վերադարձնել Ուկրաինայի արեւելյան շրջանները եւ առաջ շարժվելով դեպի հարավ՝ ռուսական բանակին կտրել Ղրիմից: