Եթե 1991-ին ձեւավորված Գերագույն խորհուրդն առանձնացնեք, ապա առանց խղճի խայթի կարելի է պնդել, որ հաջորդ խորհրդարանները մեկը մյուսից վատն են եղել։ Դրանք ձեւավորվել են օրվա իշխանության քմահաճույքով եւ չեն արտահայտել երկրում առկա քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։ Իսկ մի պահից քաղաքական ենթատեքստ չեն էլ ունեցել։
2018-ի իշխանափոխությունից հետո նոր հույսեր էին արթնացել, որոնք, սակայն, չարդարացան։ 2021-ի հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքները, չնայած հանգամանքին, որ դրանք չեն ուղեկցվել մեզ խիստ ծանոթ ընտրակեղծիքներով ու բռնություններով, ավելի քան հիասթափեցնող էին։
Այդ ընտրություններում մեր քաղաքացին երկիրը ներկայացնելու, երկրի անունից խոսելու եւ բանակցելու իրավունքը վերապահեց մեկին, ով վերջին պատերազմում պարտություն կրած մեր բանակի գլխավոր հրամանատարն էր, ով ստորագրել էր մեր ջախջախիչ պարտությունը վավերացնող փաստաթուղթը։ Չկարեւորեց մեր քաղաքացին, թե ինչպես է պարտված ու վերջնագիր ստորագրած ղեկավարը վերջնագիր պարտադրած երկրի ղեկավարի հետ բանակցելու։ Ինչպես է մեր երկիրը միջազգային հարթակներում ներկայացնելու։ Պարտությունը, որպես սովորական մի դեպք, ընտրողի վրա նշանակալի ազդեցություն չունեցավ։
Մեզ համար, պարզվում է, հաղթանակն էր անսովոր։ Սա է, երեւի, պատճառը, որ 1994-ին արձանագրված ռազմական հաջողությունից հետո ու մինչեւ այսօր այդ հաջողությունն ապահովածներին չենք ընդունում։ Նրանց տարատեսակ մեղքեր վերագրելով՝ պիտակավորում, պարտվողականներ ենք անվանում ու նսեմացնում ենք։ Որ անվրդով ապրել կարողանանք, որ նրանց տեսնելիս գլուխներս չկախենք։ Մեր անկախության կայացման ու ռազմական հաջողությունների տարիները ցրտի ու մթի տարիներ ենք անվանում։ Առանց ափսոսանքի ու մեղքի զգացումի պառլամենտ ենք բերում հաղթանակը պարտության վերածողներին։
Պառլամենտ ու կառավարություն ենք բերում նրանց, ովքեր առանց աչք թարթելու, առանց ամոթի զգացումի, առանց իրենց բերած աղետի չափերը պատկերացնել ու հասկանալ փորձելու, առանց իրենց իրականացրած քայլերը վերլուծելու անզգամին վայել անտարբերությամբ ոչնչացնում են այն ամենը, ինչ հսկայական զոհողությունների ու ջանքերի գնով ձեռք է բերվել։ Ովքեր չեն ցանկանում տեսնել այն սարսափը, որ պատել է մեզ իրենց պատճառով։ Չեն ցանկանում տեսնել իրենց քայլերից ծնված ու ծնվող վտանգները, որ սպասում են մեզ առջեւում։ Բացատրել, արդարանալ, հաշիվ տալ, ափսոսանք ու ցավ հայտնել չեն ցանկանում։
Հարցեր չկան այս խորհրդարանին, այս պատգամավորներին ու այս իշխանավորներին։ Մեզ ուղղված հարցեր կան։ Մենք պետք է փորձենք վերլուծել ու հասկանալ, թե այդ ինչպես պատահեց, որ ընտրություններին մենք մեր ձայնը նրանց տվեցինք։ Ինչպե՞ս պատահեց, որ մեր ձայնի հաշվին մերժվածներն ու պարտվածները մտան խորհրդարան։
Պետք է, չէ՞, փորձենք հասկանալ, թե ինչու մեր մարդը գնաց եւ այս երկուսին ընտրեց, որոնք այսօր խորհրդարանում ու փողոցում ծեծում են իրար, իրար վրա են թքում, փողոցային բառապաշար են օգտագործում ու փողոցային վարք են դրսեւորում։ Որոնք, քաղաքական կենսագրություն չունենալով, շատ դեպքերում, ընդհանրապես, կենսագրություն չունենալով, չգիտեն, թե ինչ է պետությունը, թե ինչ է նշանակում լինել պետական պաշտոնյա ու պետություն ներկայացնել։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։