ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ապրիլի 13-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի աշխատանքային այցը Երեւան: Բույար Օսմանին առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ապա կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը:
Ապրիլի 13-ին ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի սադրանքի մանրամասները։ Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: