«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակմանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:
Հայտարարությունում ԱՄՆ պետքարտուղարությունն ափսոսանք է հայտնել ապրիլի 11-ին հայկական եւ ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար։
«Ցավակցում ենք զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», -ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքում: