Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը դիմել է 1997-ին Ստամբուլում հիմնված D8-ին՝ «Զարգացող ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։
Նա կարեւորել է այս կազմակերպության շուտափույթ վերափոխումը D20-ի: Չավուշօղլուն ընդգծել է նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտությունը:
«Զարգացող ութնյակն» ընդգրկում է Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը եւ Թուրքիան: Կազմակերպության շրջանակում D8-ի հանձնաժողովին առընթեր ստեղծվել են 10 աշխատանքային խմբեր․ գյուղատնտեսության զարգացում (Բանգլադեշ), առեւտուր (Եգիպտոս), մարդկային ռեսուրսներ (Ինդոնեզիա), հեռահաղորդակցություններ եւ տեղեկատվություն (Իրան), գիտություն եւ տեխնոլոգիաներ (Իրան), ֆինանսներ եւ բանկային գործ (Մալայզիա), էներգետիկա (Նիգերիա), գյուղատնտեսություն (Պակիստան), արդյունաբերություն (Թուրքիա) եւ առողջապահություն (Թուրքիա)։