Եթե ուշադիր հետեւել եք ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ողջ գործընթացին, ապա երեւի ձեզ համար էլ պարզ է, որ Անահիտ Մանասյանը եկել էր ասելու՝ «Ժողովուրդ, ինձ վրա հույս չդնեք, ես ձեր իրավունքները պաշտպանելու համար չեմ ստանձնում այս բարձր պաշտոնը, այլ անիմաստ ու ոչինչ չասող, որեւէ կոնկրետություն չպարունակող հայտարարություններ անելու»։ Համենայն դեպս՝ դա է բխում նրա ելույթից ու հետագա խոսքերից։
Դեռեւս ապրիլի 4-ին՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո, Անահիտ Մանասյանը, լրագրողների հարցերին ուղիղ պատասխանելու փոխարեն լղոզված հայտարարություններ արեց հանրային բեւեռացվածության, հանդուրժողականության, ատելության խոսքի եւ այլնի մասին։ Ընդ որում՝ գնահատական չտվեց ոչ միայն Ալեն Սիմոնյանի հայտնի արարքին, այլեւ ճեպազրույցից ընդամենը րոպեներ առաջ իր տեսածին՝ հանձնաժողովի նիստում ՔՊ-ականների լկտի ու խուլիգանական պահվածքին։
ԱԺ ապրիլի 11-ի նիստում իր թեկնածությունը քննարկելու ժամանակ էլ նախ իր ելույթում ասաց, թե ձգտելու է դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության եւ համերաշխության հասնելու ճանապարհին, ապա՝ հարցուպատասխանի ժամանակ, փայլեց կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ չտալու, հարցերը շրջանցելու, լղոզված, ոչ մի բան չասող բառակույտեր արտաբերելու իր բացառիկ հմտությամբ։
Դե, իսկ արդեն ապրիլի 13-ի ֆեյսբուքյան գրառմամբ էլ հաստատեց, թե ինչպես է պատկերացնում ՄԻՊ-ի գործառույթները.
«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին»։
Եվ հիմա ես՝ համեստ լրագրողս, ստիպված եմ մարդու իրավունքների եւ այդ իրավունքների պաշտպանի գործառույթների մասին շատ կարճ «լիկբեզ» (անգրագիտության վերացման ուսուցում) կազմակերպել տիկին Մանասյանի համար։
Առաջին՝ տիկի՛ն, չէր խանգարի, որ Ձեր բազմաթիվ դիպլոմները մի կողմ դնելով, կարդայիք ՀՀ Սահմանադրության 191–րդ հոդվածը, որում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»:
Նույնը բառացիորեն շարադրված է «Մարդու իրավունքների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածում։
Արդ, ցո՛ւյց տվեք այստեղ մի ձեւակերպում, ըստ որի՝ Դուք պետք է ծառայեք հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը, «կամուրջ դառնալու…» եւ այլ անհեթեթ, բարձրագոչ, ոչինչ չասող ու լղոզված նպատակներին։
Երկրորդ՝ տիկի՛ն, մարդու իրավունքները իշխանություններ-մարդ հարաբերությունների տիրույթում են։ Այսինքն՝ մարդկանց իրավունքները, սովորաբար, խախտում են իշխանությունները, առավելապես՝ գործադիր իշխանության ստորաբաժանումները։ Այսինքն՝ Ձեր գործառույթը (նորից կարդացե՛ք Սահմանադրության ձեւակերպումը) իշխանությունների կամայականություններից մարդկանց իրավունքները պաշտպանելն է, «խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը նպաստելը», ոչ թե «հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջեւ հաշտարարությունը»։
Այլապես կստացվի, օրինակ, հետեւյալը. ոստիկանությունը դագանակներով կցրի ցույցը, մարդկանց «կփռի ասֆալտին», «կծեփի պատերին» (Ձեր սիրելի վարչապետի արտահայտություններն են), բերման կենթարկի… Իսկ Դուք, փոխանակ քաղաքացու իրավունքները պաշտպանելու, ընդամենը հանդուրժող լինելու կո՞չ կանեք։ Այսպե՞ս՝ «Դե մեր ոստիկանն է, էլի, ոչինչ, մի մուշտի տվեց, դիմացե՛ք եւ հանդուրժո՛ղ եղեք, եկե՛ք իրար հետ հաշտվեք»։
Այսինքն՝ Ձեր պատկերացրած հանրային հանդուրժողականությունը, որ բխում է Ձեր գրառումից, ենթադրում է, որ մարդիկ պիտի հլու-հնազանդ ենթարկվեն օրվա իշխանություններին, ցույցեր ու միտինգներ չանեն, չքննադատեն, առավել եւս՝ կոշտ չքննադատեն, չէ՞ որ դա անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում։ Իսկ տուժելու կամ խոշտանգվելու դեպքում էլ՝ հաշտվեն։ Ճիշտ եւ ճիշտ Սովետի սկզբնական տարիների սյունեցի էն դատավորի նման, որ ապահարզանի դատը չեղարկել էր՝ ամուսիններին ասելով՝ «քեցե՛ք, իրար հետ յոլա՛ քեցեք»։
Դուք, տիկի՛ն, ձեր ելույթով ու գրառմամբ ապացուցեցիք, որ լինելու եք ոչ թե պետությունից ու հղփացած պաշտոնյաներից, ոստիկանական կամայականություններից, դատախազական քաղաքական հետապնդումներից մարդկանց պաշտպանողը, նրանց խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը նպաստողը, այլ իշխանությունների կամակատարն ու նրանց պաշտպանը։
Ստացվեց՝ ես էլ անհանդուրժողականություն եմ սերմանում։
Այո՛, ես անհանդուրժող եմ։ Անհանդուրժող եմ, երբ մարդը ստանձնում է ՄԻՊ-ի պաշտոնը, բայց անտեղյակ է իր գործառույթներից։ Անհանդուրժող եմ հիմա, անհանդուրժող եմ լինելու հետագայում, երբ մարդկանց պաշտպանելու, նրանց խախտված իրավունքները վերականգնելուն միտված գործողություններ անելու փոխարեն «քեցե՛ք, իրար հետ յոլա՛ քեցեք» կոչ անելու Ձեր «սպառնալիքը» գործնականում կիրառեք։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։