ԴՅՈՐԴՅ ՊԵՏՐԻ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
II
Հունգարիայի վերջին նորարար բանաստեղծը
Պետրիի պոեզիան հեղափոխականորեն նոր չէ, ուշմոդեռնիստական է։ Ազատ բանաստեղծություն, հանգավոր բանաստեղծություն՝ խոսակցական լեզվով, երբեմն՝ ոչ նորմատիվ բառապաշար։ Բայց Պետրին հունգարական գրականությունը նորացրեց մի քանի առումով։
Նա հրաժարվեց տողատակերից, երբ հեղինակները արգելված, տաբուավորված թեմաների տիրույթ են մտնում տարբեր փոխաբերությունների, խորհրդանիշների միջոցով։ Պետրին ամեն ինչի մասին խոսեց ուղղակի, երբեմն՝ կոպիտ, նույնքան, ինչքան պաշտոնյաներն էին խոսում մարդկանց հետ, վարվում մարդկանց հետ։
Պետրին նաեւ կին-տղամարդ կապը սիրային կամ սեռական ավանդական շրջանակից տեղափոխեց դեպի բազմաշերտ հարթություն։ Խոսքը բնավ շատ մասնակիցներով սեքսի մասին չէ, այլ բազմաթիվ սերերի, հրապուրանքների, նախկին ամուսնություններից մնացած կապերի միաժամանակյա առկայության։
հետո էնտեղից էլ հեռացա:
Նոր հունգարական երաժշտություն է ի հայտ եկել,
տղադ պակասամիտ մնաց,
մայրդ մեռավ, ունեցա մի
երեխա էլ (ոչ էն մեկից, նրա հետ ուրիշն է հիմա,
իսկ սրան դու չէիր կարող ծանոթ լինել)
մի երրորդից, որը հիմա մի,-
ինձնից հաշված,- երկրորդի հետ է
անկողին մտնում, մինչդեռ ես քեզնից
հաշված՝ չորրորդի. էստեղ էլ կա մի
երեխա, բայց թե ես չեմ իր
վարպետը: Իսկ իմ աղջիկը,
որը ծնվում էր, երբ ես
իր մորից քեզ մոտ եկա, վատ չէ,
տասնհինգ տարեկան է ու
ջութակի է գնում, քեզ նման:
Զ. Բ.-ն մեռավ (եղել է մեր տանը մի անգամ),
ես էլ մի անգամ քեզ տեսնելու եկա
ու լավ սառեցի
(մորդ թաղմանը չէի հասել),
բայց որպեսզի գործս կիսա-
կատար չմնա, շիրմաքարադարանում
քեզ սկսեցի փնտրել:
Եվ գտա: Մնացի, մինչեւ
ոտքերս փետացան, հետո գարեջրատան
բարի մասում, վաճառասեղանին
հենված միտք էի անում՝ տեսնես ո՞վ է
էն անասունը, որ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ճանապարհին
ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆ է բացել:
Սառա Կեյպեշը բանաստեղծի առաջին կինն է։ Նա մահացավ 1965-ին, 23-ամյա հասակում, ինքնասպանության հերթական փորձի հետեւանքով։ Սառան 16 տարեկանում հաղթել էր մի հեղինակավոր երաժշտական մրցույթում՝ հայտնի դառնալով երկրով մեկ որպես կոմպոզիտոր ու տեքստի հեղինակ։ Սարսուռ է ազդում նրա բանաստեղծություններից մեկը, որում հմայիչ, լուսանկարներում՝ ժպտադեմ, երիտասարդ կինը իր մահն է գուշակում։ Նորկտակարանային պատմության վերարծարծմամբ, որում Հիսուսը հարություն է տալիս Հայրոսի դստերը՝ «Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. երեխան մեռած չէ, այլ քնած է» (Մարկոս 5.39).
այսպես է ավարտվում Սառայի ստեղծագործությունը։
Մարիա Պապից խոսել եմ՝ նա Սառայի սիրելի ընկերուհին էր, որին սիրահարված էր Պետրիի մտերիմ ընկերը՝ այսօր անվանի բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սաբոլչ Վարադին։ Նրա բանաստեղծություններում եւս պատահում են բավական խճճված հարաբերություններ։ 79-ամյա Վարադիի հետ ես հանդիպեցի Հունգարիայի գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում, գեղարվեստական թարգմանությանը նվիրված գիտաժողովում, որտեղ նա զեկույց ուներ։ Վարադին վերհիշեց, որ, այո, ինքն ու Պետրին ազդել են իրար վրա, չափածո նամակներ գրել միմյանց, նաեւ՝ բանաստեղծություններ, որոնց մի տողը մեկն է գրել, հաջորդը՝ մյուսը, դերակատարություն ունեցել իրար ստեղծագործություններում։
Երբ Շանդոր Պետյոֆիի անվան գրականության թանգարանում ուսումնասիրում էի Պետրիի ժառանգությունը, հանդիպեցի ձեռագրերի, որոնց դարձերեսին գրառված էր, թե բանաստեղծության որ տողը ով էր գրել։
Երեւի՝ ապագա գրականագետների համար… կամ որ եթե հետո մեկը հռչակվի, մյուսը չկարողանա նրա «բաժինը» յուրացնել։ Բայց Սաբոլչ Վարադին, ում հետ բանաստեղծություն է հյուսել Պետրին, նրա ընկերը չէր միայն, այլ նաեւ պահապան հրեշտակը՝ ըստ շատ ժամանակակիցների բնորոշման. բացառված էր իրարից փառք խլելը։ Ուրեմն, պարզապես՝ հիշելու համար։
ձեր տանն էր, հինգով էինք, ամսի հինգին:
Սա Վարադիի «Ամանորներ» բանաստեղծության սկիզբն է, որից հետո նա նկարագրում է հնգյակի խճճված հարաբերությունները։ Միգուցե սա սերնդային նորամուծությո՞ւն էր՝ մտածեցի ես, բայց, միեւնույնն է, Պետրին ավելի դառն ու դրամատիկ է։
Կապվածությունների բազմաշերտ պատմությունները չէին նշանակում, որ Պետրին… նրա բանաստեղծությունների հերոսը կամ պատմասացը, նարատորը միայն այսպես է հարաբերվում կանանց հետ։ Նա երբեմն միասեր է, երբեմն էլ սիրահարությունների ալիք է, որի պատճառն այն է, որ «արագ բոցավառվում, արագ մարում էր՝ ոնց որ խմող մարդկանց հետ պատահում է», ինչպես ձեւակերպեց բանաստեղծի մտերիմ ընկերուհիներից լուսանկարիչ Լենկե Սիլադյին։ Սրանց միջակայքում կային նաեւ թռուցիկ սեռական կապերը, որոնց մասին պատկերացում կարելի է կազմել «Մեր սերերը» բանաստեղծության հետեւյալ հատվածից.
փորձեցի հաշվել, թե քանի կին եմ ունեցել:
Օրացույցի անվանակոչությունների ցանկի օգնությամբ
ճշտեցի հարյուր հիսունքանի անուն:
Գործը գնաց: Անունների հիշողությունս դեռ հոյակապ է:
Մենակ դեմքերը չեմ կարողանում հարմարեցնել
անուններին, ավելին՝ տեղը, ժամանակն ու առիթն էլ:
Ահա իմ արձանագրություն-արիան, որը,
դամ պահողների բացակայությամբ, մենակ եմ կատարել՝
փնթի ժամանակաշրջանին համապատասխան դոնժուանս:
Բանաստեղծությունը պարունակում է նաեւ ոչ նորմատիվ բառապաշարով տողեր, որոնք կարող են շոկի ենթարկել անպատրաստ հայ ընթերցողին, այդ պատճառով խուսափել եմ էսսեում ներառել։ Բայց այն, որ Պետրին անկաշկանդ է նման բառապաշարն օգտագործում, չի նշանակում, որ նա հայհոյախոս է, ցինիկ կամ ցուցամոլ։ Տվյալ դեպքում գռեհիկ բառերը փոխանցում են հարաբերությունների գռեհկությունը։
«Իմ բախտից, տարիքս դրանից էլ անցավ». ինքն իրեն հեգնում է Պետրին «Մեր սերերը» բանաստեղծության վերջում. ուրեմն, թռուցիկ կապերը անցնում են, տարիքի բերումով, ի թիվս այլ բաների, մնում են՝
Բայց որ լավ մտածենք, էդքանն էլ քիչ չէ:
շարունակելի