Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են ընդունել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել Բաքու: «Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով»,- ասված է ադրբեջանական մարզական կառույցների համատեղ հայտարարության մեջ։ Միաժամանակ պաշտոնական Բաքուն ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային հորդորել է պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ։ Ադրբեջանական մարզիկներն արդեն լքել են ՀՀ-ի տարածքը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը տեղի ունեցած միջադեպը որեւէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ։ «Միջադեպն արագ հարթվել է, եւ նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ կապ չունի։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել»,- ասված է հաղորդագրությունում։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կանցկացվի ապրիլի 15-23-ը: Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ: Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին, ժամանել էր Երեւան 12–հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են: