Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Պեկինը համաձայնություն չի տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցին: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարին, սակայն ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով Բլինքենի ուղեւորությունը հետաձգվել էր։ «Այդ հետախուզական օդապարիկի առկայությունն ԱՄՆ օդային տարածքում մեր երկրի ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը։
Չինական կողմը մտավախություն ունի, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն կհրապարակի ամերիկյան բանակի խոցած չինական հետախուզական օդապարիկի հետաքննության արդյունքները: Արեւմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Պեկինում չեն ցանկանում ընդունել Բլինքենին, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը վերջերս Կալիֆոռնիայում ընդունել է Թայվանի ղեկավարին։ Դրանից հետո ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին: Պեկինն անընդունելի է համարում, որ Վաշինգտոնը խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը եւ աջակցում Թայվանի անկախությանը: