ԴՅՈՐԴՅ ՊԵՏՐԻ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
III
Հունգարիայի վերջին բոհեմական բանաստեղծը
Դյորդյ Պետրին փակեց բոհեմական բանաստեղծների ժամանակաշրջանը։
Ի՞նչ բան է բոհեմը՝ սրճարանների ու տների ցանց, որտեղ հավաքվում են մշակույթի մարդիկ, որոնք ազատ կյանքը գերադասում են աշխատանքից՝ երբեմն անտեսելով վարքի ընդունված նորմերը։ Թեև դրա համար էլ նվազագույն ազատություն էր պետք։ Նկատի չունեմ փողը՝ բոհեմականը որպես կանոն փող չի ունենում։ ՍՍՀՄ-ում պորտաբուծության, այն է… 4 ամսից ավելի չաշխատելու համար, դատ էր հասնում։ Հունգարիայում նման օրենք չկար, իսկ սովետական դատարանը այդ հոդվածով Իոսիֆ Բրոդսկուն 4 տարի տվեց 1960-ականներին։ Այդ պատճառով Սովետում բոլորն ինչ-որ տեղ աշխատում էին՝ «Մենք ձևացնում ենք, որ աշխատում ենք, պետությունը ձևացնում է, թե մեզ փող է տալիս» զվարճախոսության տրամաբանությամբ։
Երևանում էլ կար սրճարանների ցանց, որտեղ հավաքվում էր բոհեմը՝ «Պապլավոկ», «Սկվոզնյաչոկ», «Կազիրյոկ», «4-րդ խանութ» և այլն, հունգարական բոհեմի «Ցենտրալ» սրճարանում սաղմնավորվեց և սկսեց լույս տեսնել «Բեսելյո» (զրուցակից) ինքնահրատ (սամիզդատ) եռամսյա ամսագիրը, որը նաև գրքեր էր տպագրում։
Հայաստանում КГБ-ն, իհարկե, «բնում կխեղդեր» նախաձեռնությունն ու շատերին բանտ կնստեցներ։ Հունգարիայում հետապնդումներ եղա՛ն՝ խմբագիրներին, որոնցից մեկը Պետրին էր, կանչում էին հարցաքննության, խուզարկում տները, բայց նրանք շարունակում էին լավ գրականություն ու քննադատական բնույթի քաղաքական վերլուծություններ տպագրել։ Հանդեսը լույս էր տեսնում խմբագիրների, այդ թվում՝ Պետրիի, անձնական համեստ միջոցների ու նվիրատվությունների միջոցով։
Բոհեմում շփումն ուղեկցվում է խմիչքով։ Պետրին խմող էր… հարբեցող, ինչպես ասում էր նաև ինքն իր մասին։ Նորից համեմատեմ՝ նա Սովետում լավ հայտնի ուշ ռուսական ոճի հարբեցողներից չէր, որոնք ապասոցիալական տարրեր էին՝ ներկա կամ ապագա։ 1980-ականների կուռք Պետեր Հայնոցին (1942–1981), դիցուք, հարկ է համարել օրագրում գրառել.
Պետրին, որի «երբեմնի միամիտ ընկերն էր Հայնոցին» («In memoriam Hajnóczy Péter») խմում էր, բայց հետևողական ու սթափ էր քաղաքական հայացքները արտահայտելիս։ 1968-ին նա «ընդամենը» փիլիսոփայության բաժնի ուսանող էր, ուսանող էր, երբ սովետական տանկերը Պրահա ներխուժեցին, բայց հանդես եկավ ի պաշտպանություն չեխերի, ինչը, Հունգարիայում 1956-ի ապստամբությունը սովետական տանկերով ճնշելուց հետո, մեծ հանդգնություն էր։ Ես հարցրի Սաբոլչ Վարադիին՝ արդյոք ինքը ևս նույն կերպ է վարվել։ Ոչ, Սաբոլչն ավելի ուշ էր միացել բողոքի հրապարակային նախաձեռնություններին։
Պետրին խմել սկսում էր արթնանալուն պես՝ որպես, «մենավոր հաճույք», բայց
Ի տարբերություն Հայնոցիի, Պետրին հավատացյալ չէր։ Նա ծագումով հրեա էր, որը… պատանի հասակում կաթոլիկական եկեղեցի էր հաճախել, սպասավորել ժամերգության ընթացքում, բայց հետո հարեց մարքսիզմին՝ դարձավ ականավոր փիլիսոփա Դյորդյ Լուկաչի հետևորդը։
Իհարկե, Պետրին «հովվերգական» հարբեցող չէր։ Արդեն հասուն տարիքում, ինչպես պատմեց Լենկե Սիլադյին, մի օր հրեականությունը զարթնել է իր մեջ և խմած փորձել է ինքնաթլպատում անել։ «Արյուն-բան, բայց գործը հաջողությամբ չի ավարտվել»… Մի ուրիշ անգամ էլ հասել է մինչև սեփական բնակարանի աստիճանահարթակն ու հենց այդտեղ քնել՝ մտածելով, թե արդեն տանն է՝ հիշեց Լենկե։ Բայց այսպիսի փորձանքները պատահում էին գիշերը ուշ, մնացած ժամանակ նրա շփումը մարդկանց հետ լիարժեք էր։ Թե՛ Սաբոլչը, թե՛ Պետրիի որդի Ադամը վկայում են, որ նա հսկայական էրուդիցիայի տեր էր, սիրում էր բարդ թեմաներ և եթե սեղանի շուրջ սկսած բանախոսության կեսին գլուխը դներ սեղանին ու քներ, 15 րոպեից կզարթներ ու կշարունակեր խոսքը նույն տեղից, որտեղ ընդհատել էր։
«Պետրին ինքնակործան բանաստեղծի կերպար էր,- բնութագրեց նրան նոր սերնդի գրականագետ, բանաստեղծ Ռենատո Ֆեհերը,- ճիշտ ինչպես՝ հունգարական մոդեռն պոեզիայի հիմնադիր Էնդրե Ադին էր» (1877-1919. Ադին մայրական կողմից հայկական արյուն ուներ՝ քչերը գիտեն Հունգարիայում, ես էլ վերջերս իմացա, որ ինքն անձամբ գրել է այդ մասին)։ Ադիի հանդեպ ժամանակակիցների սերը հասնում էր պաշտամունքի, մինչև նա հանդգնեց պատերազմի դեմ խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին և իր դեմ հանեց ազգայնամոլներին։
«Փնթի ժամանակաշրջան»
Սոցիալիստական կոչվող երկրներում, որտեղ, առնվազն 1960-ականներից, «մարքսիստ-լենինիստները» ձևանում էին այդպիսին կարիերա անելու համար, նրանք ամեն կերպ հալածում էին բոլորին, ում հայացքները չէին համընկնում «սովետական մարքսիզմին»։ Ոչ միայն դոգմաներից շեղում չէր կարելի, այլև հայացքներ ունեցող մարդկանց առկայությունը ընդգծում էր կարիերիստների ցինիզմը։ Նույնը վերաբերում էր զառամող ղեկավարներին՝ «տոտեմական» կուռքերին՝ նրանց լուրջ չէին ընդունում, բայց չէր կարելի բացեիբաց ծաղրել։ Այդ պատճառով Դյորդյ Լուկաչի «մանկապարտեզի» սան Պետրին իր մարքսիստական հայացքներով «խորթ տարր» էր, իսկ Բրեժնևի հիշատակին նվիրված բանաստեղծությունը, որ լույս տեսավ «Հավերժական երկուշաբթի» ինքնահրատ ժողովածուում (ապա, 1984-ին՝ Նյու Յորքում, «Ձնագունդը ձեռքին» գրքում) Պետրիի դիմաց փակեց մինչ այդ կիսաբաց վերջին դռները։
«Հավերժական երկուշաբթի»
Գրողը կարող է շատ տաղանդավոր լինել և ասելիքն արտահայտել ծավալուն ստեղծագործություններով։ Պետրիի հաջողվել է երկու բառում ամփոփել լճացող, քայքայվող բռնապետությունների գորշ առօրյան՝ «հավերժական երկուշաբթի»։
«Ահա գալիս են Ապոկալիպսիսի չորս հեծյալները՝ Ժանտախտը, Պատերազմը, Սովը, Մահը… և նրանց ավագ եղբայրը՝ Երկուշաբթին», վախեցնում է հայտնի անեկդոտը։ Որը ապաքաղաքական է՝ երկուշաբթին ոչ մի տեղ սիրված օր չէ։ Բայց «հավերժական երկուշաբթին» բնորոշում է իրավիճակը, երբ շաբաթ-կիրակի էլ հանգստանալու միջոց/հնարավորություն չունես, իսկ քաղաքական տոները ձևական են։ ՍՍՀՄ-ում, ասենք, Հոկտեմբերյան հեղափոխության, Կոմերիտմիության ու Պիոներիայի օրերը անվանապես տոն էին, բայց միայն Նոր տարին էր, որը նշելը պարտադրված չէր ու սիրված է մինչև հիմա։
Պետրին 1971-ին եղել է ՍՍՀՄ-ում։ Սոցերկրների նույնիսկ երիտասարդ գրողներին հրավիրում էին Սովետ, ճոխ հյուրասիրում՝ «իրենցով անելու» համար։ Բայց խեղդվում է КГБ-ի հսկողությունից, Մոսկվան կոչում է «տգեղ, կեղտոտ, գոյատևող քաղաք», որի «ստոլովայաներում», որ «սովորաբար կեղտոտ էին, գարշահոտ, առանց օդի և միայն խմիչք էին ունենում, ամենուրեք զգեստապահարաններ կային, որոնց կես կիլոգրամանոց համարները գրպանում չէին տեղավորվում»: Պետրիի թարգմանչուհու լուսանկարիչ ամուսնուն՝ պետական խոշոր լրատվական գործակալության աշխատակցին, հիմնարկի հետ տանում են կարտոֆիլ հավաքելու ներկայացման օրը և նա չի կարողանում Տագանկայի թատրոն ընկնել տոմսով, որը կնոջ խնդրանքով հայթայթել էր արտասահմանցի բանաստեղծը։ Ուրիշ բարքերի սովոր՝ նա չի հասկանում առեղծվածը, թե ինչու է լվացարարուհի կամ մատուցողուհի Անյան իրեն անվճար թթու վարունգ ու թղթի կտորի վրա իր հեռախոսահամարը բերում պատվիրված երկու հարյուր գրամ օղու հետ։ Ճիշտ է դա «մի չքնաղ հուշ է» դառնում «Դռները փակվում են» բանաստեղծությունում՝ երևի թե զուտ ինքնագնահատականի բարձրացման շնորհիվ, որ տղամարդկանց ունենում են կանանց ուշադրության շնորհիվ։
Պետրին եղել է նաև Վրաստանում, որը հիշում է որպես շարունակական աներևակայելի կերուխում, որի երկար կենացների միապաղաղությունը խախտվել է, երբ նա հայկական կոնյակ է խնդրել՝ հարուցելով վրացիների վրդովմունքը։
«Հավերժական երկուշաբթին» ինձ հիշեցրեց Ստրուգացկի եղբայրների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վերնագրով վեպը, որում, գրականագիտական տարածված մեկնաբանության համաձայն, վերացվում է աշխատանքային և հանգստյան օրերի տարբերությունը։ Իբր թե իսկական ստեղծագործական աշխատանքը մշտական է, և բյուրոկրատիան է մեզ տանջում՝ դրանք աշխատանքային-ոչ աշխատանքային օրերի բաժանելով։ Դրանով իսկ Ստրուգացկիների վեպը, իր հումորով ու հեքիաթային կերպարներով հանդերձ, ռոմանտիզմով է օծում հարկադիր աշխատանքը։
«Դա հավերժ էր, մինչև չավարտվեց»՝ սա էլ մարդաբան Ալեքսեյ Յուրչակի գրքի վերնագիրն է։ Այն վերլուծում է ուշ Սովետի իրականության մասին, երբ գաղափարախոսական ու տնտեսական քայքայումը համատարած էր, բայց միևնույն է, անհավատալի էր հեռանկարը, թե հզոր КГБ-ով, միլիցիայով, միջուկային մարտագլխիկներով պաշտպանված գերտերությունը կարող է մի օր վերանալ։
Վերջին գիրքը, որ չգրեց Պետրին
Պետյոֆիի անվան գրականության թանգարանում պատվիրել էի Դյորդյ Պետրիի անձնական իրերը։
Դրանք քիչ էին, բայց ինձ շատ զարմացրին։ Հատկապես երկուսը։ Մեկը միս ծեծելու երկաթե թակ էր, մյուսը՝ ծուծային խոռոչով երեք ոսկոր (մեկ արխիվային միավոր)։ Պետրին երազանք է ունեցել խոհարարական գիրք գրել, որի բաղադրատոմսերի մի մասը կլիներ հեղինակային, մյուսները՝ հայտնի ճաշատեսակների իր տարբերակները։ Նա մի անգամ գրական ճամբարի մասնակից 120 երիտասարդի համար լոբապուր է եփել… որի կաթսան շրջվել է վատ հենարանի պատճառով։
Պետրին սիրում էր պատրաստել, բայց դա ընկերներին, իսկ գրքով նաև հասարակությանը ծառայելու ձգտում էր։
Սակավակերությունը երևացել է Պետրիի մի շարք գործերում, բայց ամենատպավորիչը քաղցկեղի շրջանի բանաստեղծություններից մեկում է արտահայտված։
ԼԱՎ ԿԼԻՆԵՐ
Լավ կլիներ, թե ուժդ պատեր
ուտելու էս մի քիչ սաղմոնը,
որ սիրտդ տաներ,
ու ընդունեիր քաղցկեղի դեմ դեղերդ,
և, պարզ է, լավ կլիներ, եթե չլիներ քաղցկեղդ,
բայց դե հո երկու երնեկ
մի տեղ չի լինի:
Երկու երնեկ, որոնցից մեկը… անբուժելի հիվանդությունն է, որի թեման նույնպես նա ներմուծեց հունգարական գրականություն։ Ավելի ստույգ՝ հիվանդության հետ անկաշկանդ առերեսման կերպը։ Նա մահացավ թոքերի քաղցկեղից, որին վերաբերվում էր ասես վատ բնավորությամբ ընկերոջ։ Որից կարելի է վիրավորվել, բայց ավելի լավ է բանի տեղ չդնել՝ անուղղելի է։
Պետրին թերևս ընդունակ չէր որևէ նյութ, ասելիք արդեն ծանոթ ձևով ներկայացնելու՝ չափազանց խստապահանջ էր ինքն իր հանդեպ։ Վաղ հասակում օժտվածությունը դրսևորելուց, գրական մամուլում տպվելուց հետո տարիներ շարունակ բանաստեղծություն չգրեց՝ զգալով, որ Աթիլա Յոժեֆի (1905-1937)՝ «հունգարական Չարենցի» ազդեցության տակ է։ Հետագայում նա մի քանի ուրիշ հունգար բանաստեղծի ազդեցությունը ևս զգացել-խոստովանել է (բայց այս դեպքում՝ համընթաց քամիներ, ոչ՝ փոթորիկ, ինչպես Աթիլա Յոժեֆը), որոնցից մեկը Յանոշ Պիլինսկին էր (1921-1981)։ 1996-ին, նրա 75-ամյակի տարին Պետրին հատված է մեքենագրել Պիլինսկու «Մեծ քաղաքի սրբապատկերները» բանաստեղծությունից, որը խորհրդավոր տողեր է պարունակում.
ոչ ոք սիրտ չարեց, որբի մեկը, որբ»:
Ես թարգմանել եմ Պիլինսկուն, «Արգելված աստղի վրա» ժողովածուն լույս է տեսել հայերեն (2005, «Պրինտինֆո»), որը նկատվել ու սիրվել է գրական հանրության կողմից։ Իսկ ի՞նչ փորձի մասին էր ակնարկում սակավախոս, սակավագիր Պիլինսկին՝ իմ հաջորդ էսսեի հերոսը։
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture