Բեռլինաբնակ նկարիչ Բորիս Էլդագսենը դարձել է Sony World Photography Awards-ի 2023-ի հաղթողներից մեկը՝ ներկայացնելով արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված «Pseudomnesia» աշխատանքը։ Նրա հաղթանակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել, եւ Էլդագսենը որոշել է հրաժարվել մրցանակից։ «Արհեստական ինտելեկտի եւ լուսանկարչության միջոցով ստեղծված պատկերները չպետք է մրցակցեն միմյանց հետ նման մրցույթում։ Դրանց էությունը տարբեր է։ Արհեստական ինտելեկտը լուսանկարչություն չէ։ Ուստի ես չեմ ընդունի մրցանակը»,- նշել է Էլդագսենը։
Ըստ PetaPixel պարբերականի՝ համաշխարհային լուսանկարչական կազմակերպության անցկացրած ամենամյա լուսանկարչական մրցույթին գերմանացին ներկայացրել է «Էլեկտրիկ» անունով պատկերը։ Նկարում պատկերված են երկու կին, որոնք իբր արվել են լուսանկարչության տեխնոլոգիայի հայտնագործման առաջին օրերին: Այն ներկայացված էր «Ստեղծագործություն» անվանակարգում։ Այդ աշխատանքը «Pseudomnesia. Fake Memories» կոչվող շարքի մի մասն է, որի վրա Էլդագսենն աշխատում է 2022-ից: Օգտագործելով 1940-ականների տեսողական լեզուն՝ Բորիս Էլդագսենը ստեղծում է իր պատկերները՝ որպես կեղծ հիշողություններ «Pseudomnesia» անցյալի մասին․ մի բան, որը երբեք չի եղել, եւ որը ոչ ոք չէր կարող լուսանկարել։
Համաշխարհային լուսանկարչության կազմակերպությունն իր հերթին հրապարակային հայտարարություն չի արել մրցանակից հաղթողներից մեկի հրաժարվելու մասին։ Իսկ Էլդագսենի աշխատանքի մասին բոլոր հիշատակումները հեռացվել են մրցույթի կայքից։
Ավելի վաղ ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Մասլովի լուսանկարների շարքը ռուս զավթիչների՝ Կիեւի շրջանի ավերած բնակավայրերից հայտնվել էր Sony World Photography Awards 2023 մրցույթի եզրափակիչ ցանկում։ Սակայն այդ աշխատանքները նրան հաղթանակ չեն ապահովել։