ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 19-ին տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին՝ 2004-ին ծնված Ագշին Բաբիրովին եւ 2003-ին ծնված Հուսեյն Ախունդովին։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Ավելի վաղ նրանց հանդիպել է ՀՀ ՄԻՊ Մանասյանը։
Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով։ Ամատունին հավելել է, որ նրանց առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։
Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր ապրիլի 10-ին: Հայաստանում հենց նույն օրը Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ձերբակալվեց Բաբիրովը, Ախունդովը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց երեք օր անց՝ Աճանան գյուղի մոտակայքում։ Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են: Գլխավոր դատախազությունը ապրիլի 18-ին հաղորդել է, որ Ախունդովն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին։