Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ 2023-ի ապրիլի 18-ին արած հայտարարությունների կապակցությամբ։ Նշվում է, որ այդ հայտարարությունը հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ատելության խոսք է, որը միտված է խորացնելու ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը եւ ատելությունը։ Որպես ասվածի հետեւանք նշվում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների եւ պատանդ վերցված քաղաքացիական անձանց սպանությունները, դրանց տեսանկարահանումը եւ տարածումը՝ իբրեւ հպարտության առարկա։
«Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն եւ տեւական կարգավորումներ փնտրելու փոխարեն Ադրբեջանը ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: