Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է ԱՄՆ հարկային ծառայությունների եւ առեւտրի նախարարության աշխատակիցների՝ մարտի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրած նյութերին։ Ըստ դրանց՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի եւ Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պարբերականը մասնավորապես նշել է, որ 2022-ին, նախորդ տարվա համեմատ, Միացյալ Նահանգներից Հայաստան չիպերի եւ պրոցեսների ներկրումն աճել է 515%-ով։ Նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ պետություններից Հայաստան 2022-ին աճել է 212%-ով։ Ներկրված արտադրանքի 97%-ը հետագայում վերաարտահանվել է Ռուսաստան։
New York Times-ի պնդմամբ՝ ներկրված սարքավորումները կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, մասնավորաբար հրթիռների արտադրության համար։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ից եւ նրա դաշնակիցներից չիպերի ուղղակի վաճառքը Ռուսաստանին հասցվել է զրոյի: Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանն արդեն սպառել է իր ամենաճշգրիտ սպառազինությունների համար մատակարարված բաղադրիչների մեծ մասը եւ ստիպված է փոխարինել ավելի ցածրորակի կամ կեղծ մասերով, որոնք ավելի նվազ ճշգրիտ են դարձնում իր զինատեսակները: New York Times-ը մեջբերել է նաեւ Conflict Armament Research անկախ խմբի հրապարակած զեկույցը, որն ուսումնասիրել է ռազմի դաշտից հայտնաբերված ռուսական սպառազինությունը ու բացահայտել Ռուսաստանի կողմից արեւմտյան արտադրության չիպերի օգտագործման դեպքեր: