Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին ոսկե մեդալ է նվաճել եւ կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ եւ 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հայ ըմբշամարտիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:
Իսրայելի Հայֆա քաղաքում ապրիլի 19-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում էլ գերազանց ելույթներ ունեցավ Հայաստանի սամբիստ Արսեն Խանջյանը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում մեր մարզիկը նախ հաղթել է ՌԴ ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին։ Եզրափակչում Խանջյանը պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդ Լոռիաշվիլուն եւ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել մարզական սամբոյի 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի 58 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը: