Գերմանական Deutsche Welle պարբերականը հայտնել է, որ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, «Ազատ Ռուսաստան համաժողովի» համահիմնադիր, ՌԴ-ում «օտարերկրյա գործակալ» հայտարարված Գարի Կասպարովը դարձել է գերմանական լրատվամիջոցների ազատության մրցանակի 2023-ի դափնեկիր։
Ըստ մրցանակը շնորհող Weimer Media Group (WMG) մեդիախմբի՝ մրցանակը «նվիրված է Ռուսաստանում խիզախ դեմոկրատական ընդդիմությանը» եւ Կասպարովին կհանձնվի «հանուն այն բոլոր մարդկանց, որոնք պաշտպանում են Ռուսաստանի ապագան խաղաղության, ազատության եւ ժողովրդավարության պայմաններում, ընդ որում՝ հաճախ վտանգելով իրենց կյանքը»: «Կասպարովը ռուսական ընդդիմության առավել աչքի ընկնող ակտիվիստներից է, որը վտանգում է իր կյանքը խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարում»,- հայտարարել է ժյուրին։ Մրցանակը կհանձնվի մայիսի 4-ին Բավարիայի Գմունդ ամ Թեգերնզե կոմունայում։
Զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը 2014-ից ի վեր շնորհվում է հասարակական փոխգործակցությանը, քաղաքական երկխոսությանն ու ժողովրդավարությանը հավատարիմ եւ կարծիքն ազատորեն արտահայտող հասարակական գործիչներին։ 2022-ին մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ինչպես նաեւ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։