ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Կիեւին աջակցող կոնտակտային խմբի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Նա նաեւ ընդգծել է, որ այս պահին դաշինքի երկրների հիմնական ուշադրությունը «ՌԴ-ի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է»։ Ապրիլի 20-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել էր Կիեւ եւ նախագահ Զելենսկու հետ բանակցություններից հետո խոստացել էր օգնել Ուկրաինայի զինված ուժերին ՆԱՏՕ-ի զորամասերի հետ լիարժեք փոխգործունակության հասնելու համար: Նա հայտարարել է, որ «Ուկրաինայի լիարժեք տեղը եվրատլանտյան ընտանիքում է», եւ ժամանակին դաշինքի անդամ կդառնա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը լսել է Զելենսկու խնդրանքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տարբեր արձագանքները։ «Մոսկվան ուշադիր հետեւում է իրավիճակին եւ հիշում է, որ դեպի դաշինք Կիեւի կողմնորոշումը դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը»,- ասել է Պեսկովը։
ՆԱՏՕ-ն ընդհանուր 55 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ը՝ 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռամշտայնում իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները Կիեւին 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են հատկացրել: Ըստ Օսթինի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային հատկացրել են 9 զրահապատ բրիգադ, ինչն ուժեղացրել է Ուկրաինայի դիրքերը մարտի դաշտում: Օսթինը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատերազմի ընթացքում Ուկրաինային է տրամադրել ավելի քան 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ անցյալ շաբաթ հայտարարված 36-րդ փաթեթի շրջանակում Կիեւը կստանա 325 միլիոն դոլարի ռազմական աջակցություն: