Մի քանի օր առաջ Արցախի քաղաքական ուժերի մասին Ֆեյսբուքում կարճ գրառում էի արել․ «Լռել են արդեն զանգերը բոլոր։ Կամ՝ ո՞ւր եք տղաներ»։ Ոչ ոք չարձագանքեց։ Ապրիլի 19-ին, մինչդեռ, Ազգային ժողովի խմբակցությունների անունից տարածվեց հերթական Հայտարարությունը, որ մերժում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, Հայաստանի իշխանություններին «հորդորում» հավատարիմ մնալ առաջին գումարման Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, որն անընդունելի է համարում միջազգային կամ միջպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի մաս։
Այս «պահանջը» որքանո՞վ է անհահամարժեք 44-օրյա պատերազմից հետո «գետնի վրա» իրավիճակին, միջազգային դրությանը, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան ուժերի եւ ռեսուրսների հարաբերակցությանը, երեւի ակնհայտ է յուրաքանչյուր դատողունակ մարդու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է նման տեքստ գրվում։ Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին, Իլհամ Ալիեւը հարցազրույց էր տալիս պետական հեռուստատեսությանը։ Արցախի ԱԺ խմբակցությունների Հայտարարության ուղղակի հասցեատերն ինչո՞ւ նա չէ։
Ֆորմալ առումով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Լեռնային Ղարաբաղի իրավա-քաղաքական ապագան չի կանխորոշում։ Ավելին՝ Հելսինկյան եզրափակիչ Ակտի իմաստով՝ ինքնորոշումը պետք է տեղի ունենա «առանց արտաքին միջամտության»։ Եվ հայտնի չէ՝ ով է առաջինն ասել, թե Հայաստանն է ԼՂ ինքնորոշման իրավունքի երաշխավորը։ Ինչպե՞ս, եթե միջազգային իրավունքը ոչ միայն Հայաստանին, այլեւ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետության նման իրավասություն չի վերապահում։
Երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր հակառակորդը միջազգային հանրությունն է, ոչ թե միայն Ադրբեջանը, հայ քաղաքական դաշտի ընդդիմախոս «ծովը փոթորկվում էր», իսկ հանրության մեծամասնությունը՝ դրանից հրճվում։ Այդ վակխանալիային «չափ էր տալիս» հայ մտավորականությունը։ Լրջագույն, ծանր, արյունալի պատերազմը, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվել է 1992-1994 թվականներին, մենք իջեցրել էինք «Սարերից իջած մի խումբ ձիավոր․․․» երգի, խնդրի կարգավորումը՝ «եթե Բաքուն չենք գրավել, թուրքերը թող շնորհակալ լինեն» դատարկաբանության մակարդակի։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը պնդում է, որ անցյալ տարի, երբ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կնքեցին ռազմավարական դաշնակցության մասին Հռչակագիր, Մոսկվայում Հայաստանի դեսպանը պիտի պաշտոնանկ արվեր։ Սկզբունքորեն նա ճիշտ է, բայց 2022-ի փետրվարի 22-ի Պուտին-Ալիեւ հանդիպումը «օդից չի ընկել»։ Բաքուն եւ Մոսկվան փոխկապակցված են 2001-ի Հռչակագրով, որտեղ ռուս-ադրբեջանական համագործակցությունը գնահատված է «Կովկասում կայունության եւ անվտանգության երաշխիք»։ Եթե հիշողությունս չի դավաճանում, հայ իրականության մեջ միայն Վանո Սիրադեղյանն է ահազանգել, որ դրանով կանխորոշվում է մեր տարածաշրջանի ապագան։ (Հոդվածի իմաստն եմ համառոտ ներկայացնում)։
Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասաց, որ իրեն պիտի դատեն «իմանալ՝ չհայտնելու հանցակազմով»՝ որ չի հրապարակել բանակցային վերջին առաջարկությունները, չի ասել՝ «ժողովուրդ, սա ավարտված խաղ է», առաջին արձագանքս Ռուբեն Հախվերդյանի «ո՞ւմ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած» տողն էր, բայց դրան հետեւեց նրա ճեպազրույցը, որտեղ հնչեց այս միտքը․ «Ինչո՞ւ ընդդիմությունը չի հարցնում այդ մասին»։ Փաշինյանն ինքը պատասխանեց․ «Որովհետեւ իրենք էլ նույն սխալը թույլ են տվել»։ Այսինքն՝ երկու տասնամյակ «իմացել, բայց չեն հայտնել»։ Ինչ է ակնարկում Փաշինյանը՝ թողնենք «գաղտնատեսներին»։ Քաղաքական իմաստով գործող վարչապետը դիմում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին եւ ասում․ «Ես ձեզնից մեկն եմ»։
Որեւէ կապ կա՞ Փաշինյանի «ես ձեզնից մեկն եմ» ակնարկի եւ Արցախի Ազգային ժողովի Հայտարարությանը նրա տված «ինձ ճիշտ չեն հասկացել» գնահատականի միջեւ։ Ընդ որում նա ասաց, որ իրեն նաեւ «չեն հասկացել»՝ երեւի նկատի ունենալով արցախցի խորհրդարանականների՝ ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» եւ այդպիսով «միջազգային կոնսոլիդացիայի հասնելու» մասին իր տեսակետին հակադրվող մեկամյա վաղեմության Հայտարարությունը։ Եթե ավելի պարզ ասվի, ապա ո՞րն է Փաշինյանին «մերկացնելու» իմաստը, որ ձեռնարկել եւ ձեռնարկում է Արցախի խորհրդարանը հայաստանյան ինստիտուցիոնալ ընդդիմության հետ համաքայլ։
Ասել, թե այնտեղ չկան իրավիճակը սթափ գնահատող անհատներ եւ քաղաքական ուժեր, միամտություն կլիներ։ Արցախի Ազգային ժողովում կան փորձառու գործիչներ, ճանապարհ անցած կուսակցություններ, անհատականություններ, որ ղարաբաղյան Շարժման առաջին շրջանից են քաջածանոթ «ինչն ինչից հետո է» իրողություններին։ Եվ արտառոց է, երբ նույն մարդկանց, քաղաքական գործիչների շուրթերից կամ նրանց անունից հնչում է տեսակետ, ձեւակերպվում դիրքորոշում, որ իրականության եւ հնարավորությունների հետ անգամ հեռավոր աղերս չունի։
Սա ի՞նչ «կախարդական շրջան» է, որից ոչ ոք ելքի ցանկություն չի դրսեւորում։ Մի՞թե ամեն ինչ հանգում է «չկա խնդիր, չկա պատասխանատվություն» անմեղսունակությանը։ Իսկ եթե այդպես չէ, նախագահի խորհրդականն ինչո՞ւ է ասում․ «Մենք հայրենազուրկ կդառնանք, բայց չենք դառնա Ադրբեջանի մաս»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։