ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աստղադիտարանի եւ այլ աստղադիտակների շնորհիվ աստղագետները Երկրի նման մոլորակների համար նոր սպառնալիք են հայտնաբերել: Պատճառը աստղերի պայթյունից հետո արձակվող ինտենսիվ ռենտգենյան ճառագայթման մեծ չափաբաժինն է։ Աստղադիտակի միջոցով այդ երեւույթը լուսանկարած գիտնականների համոզմամբ՝ պայթյունը կարող է ազդել 100 լուսային տարուց ավելի հեռավորության վրա գտնվող մոլորակների վրա։ «Նման ինտենսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել մոլորակի անհետացմանը»,- նշել են գիտնականները:
Հետազոտության ընթացքում ՆԱՍԱ-ն մի քանի աստղադիտարաններից դիտարկել է 31 գերնոր աստղ: Գիտնականները պարզել են, որ մոլորակները կարող են ենթարկվել 160 լուսատարի հեռավորության վրա գտնվող ճառագայթման մահացու չափաբաժինների։ ՆԱՍԱ-ում ուշադրություն են հրավիրվել երկու ժամանակաշրջանների վտանգի վրա՝ պայթյունից հետո մի քանի օրվա ընթացքում գերնոր աստղի ինտենսիվ ճառագայթումը եւ դրանից րոպեներ ու ամիսներ անց: «Եթե ռենտգենյան ճառագայթման հոսքը թափանցի մոտակա մոլորակ, ճառագայթումը կարող է լրջորեն փոխել տվյալ մոլորակի մթնոլորտի քիմիական բաղադրությունը»,- հավելել են ՆԱՍԱ-ում:
Գիտնականները նաեւ նշում են, որ Երկրին նման մոլորակի վրա այդ գործընթացն ընդունակ է ոչնչացնելու գերնոր աստղի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթումից կյանքը պաշտպանող օզոնի զգալի մասը։ Այն ի վիճակի է հանգեցնելու նաեւ սննդային շղթայի հիմքում գտնվող (հատկապես ծովային) օրգանիզմների լայն տեսականու անհետացման։ Գիտնականների տեսանկյունից՝ համոզիչ ապացույցներ կան, որ գերնոր աստղերը գոյացել են Երկրից մոտ 2-8 միլիոն տարի առաջ, Երկիր մոլորակից մոտավորապես 65-500 լուսատարի հեռավորության վրա: ՆԱՍԱ-ում նշել են նաեւ, որ Երկիրը եւ Արեգակնային համակարգն առայժմ ապահովված են գերնոր աստղերի հավանական պայթյուններից, սակայն Ծիր Կաթինի շատ այլ մոլորակներ՝ ոչ: Ի դեպ, գիտնականները, բացատրելով ապրիլի 19-ի երեկոյան Կիեւի մարզում տեղի ունեցած պայծառ բռնկման պատճառը, ենթադրել են, որ այն առաջացել է Լիրիդ հոսանքից երկնաքարի անկման հետեւանքով։