Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ Լաչինի միջանցքում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Նիստի ընթացքում ԱԽ բոլոր անդամները միաձայն հայտարարություն են ընդունել։
«Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին եւ հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման եւ Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջեւ ծագած անվտանգային եւ հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՀ արտգործնախարարությունը եւս հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարելու եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ամբողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հստակորեն արձանագրելու Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները եւ գործուն քայլեր ձեռնարկելու միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: