Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը՝ նշելով, որ այդ քայլը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին եւ վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ադրբեջանին կոչ են արել կատարելու իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրավական ուժ ունեն։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով, ինչպես նաեւ վերականգնել բնակչությանը գազի եւ էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումները»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։