1980-ականների համաժողովրդական զարթոնքին ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել էին նաեւ սպորտային հաջողությունները, մասնավորապես՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալն ու Արարատ 73-ի հաղթանակները։
Ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում սպորտը, արվեստը բացառիկ դերակատարություն են ունենում ազգաստեղծման, պայքարի, հասարակական խմբերի մոբիլիզացիայի եւ տարատեսակ այլ ուղղություններում։
Դրանք չեն կարող դրսեւորվել որպես հանրային կյանքից անդին գոյություն ունեցող ինչ-որ կղզյակներ եւ պարտադիր պետք է արտահայտեն իրենց միջավայրի սոցիալական, քաղաքական, մշակութային իրողությունները։ Հատկապես հրապարակային քաղաքականության բացակայության կամ էլ ճգնաժամերի պարագայում սպորտն ու արվեստն իրենց վրա են կենտրոնացնում դեպի կոնֆլիկտը հակված հանրային մարգինալ խմբերին՝ փոխակերպվելով ենթամշակույթի։
Վերջին օրերին Երեւանում եւ Զագրեբում սպորտային միջազգային հեղինակավոր միջոցառումներ են անցկացվում։ Սպորտային համայնքն ու հանրության մի մասը տոնական տրամադրությունների մեջ են։ Մեր ըմբիշներն ու ծանրամարտիկները հրաշալի արդյունքներ են արձանագրում, մեկը մյուսին հերթ չտալով նվաճում հերթական մեդալները։ Իսկ զուգահեռ իրականությունում Հայաստանն ու Արցախը թերեւս ապրում են իրենց պատմության ամենածանր ու դրամատիկ օրերը։
Չարագուշակ ինչ-որ մի ամպ է կուտակվել մեր գլխին, բոլորի համար ակնհայտ է, որ մեծ ողբերգություն է սաղմնավորվում, շատ ավելի ծանր, քան 44-օրյա պատերազմը։
Որքան էլ զարմանալի թվա, այս երկու իրականությունները կարծես թե իրար հետ կապ չունեն, մի կողմում ցնծում են, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր աստեղային օրերն է ապրում, իսկ մյուս կողմում Ադրբեջանը անցակետ է տեղադրում՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։
Իսկ ի՞նչ կարող են անել ըմբիշներն ու ծանրամարտիկները։
Բնականաբար չեմ առաջարկում, որ նրանք մի կողմ թողնեն սպորտն ու գնան ադրբեջանցիների դեմ կռվելու։ Նման խոսակցություններն անլուրջ են ու ծանծաղ, երբ բոլորը բոլորին հավատաքննության են ենթարկում՝ ուղարկելով խրամատ։ Խնդիրը մշակութային է ու շատ ավելի բարդ, քան մենք պատկերացնում ենք։
Հանրային կառույցը կազմաքանդվել է, գաղափարներն՝ արժեզրկվել, ինչի հետեւանքով մեր միջավայրում բացակայում է համընդհանուր ցավի ու տառապանքի գիտակցությունը։ Ապրումակցումը՝ որպես հանրային բարոյականության ինքնակարգավորվող իրողություն, կարծես թե գոյություն չունի։ Նույնիսկ տառապանքը խիստ էգոիստական, անձնականացված բնույթ ունի, եւ քչերն են ափսոսանք հայտնում հավաքականության եւ ինստիտուտների՝ բանակի, պետության համար։
Միգուցե չի գիտակցվում այն պարզ ճշմարտությունը, որ եվրոպական կամ ամերիկյան որեւէ համալսարանի ամբիոնում համաշխարհային պատմություն շարադրողները այսօրվա ողբերգությունը վերագրելու են ոչ թե առանձին անհատներին, այլ հավաքականությանը՝ հայ ժողովրդին ու Հայաստանին։ Իսկ առավել խորաթափանցները կզարմանան ողբերգության ու ցնծության ներդաշնակ, համատեղ գոյության փաստի վրա։
Ես այն համոզմունքն ունեմ, որ ինտելեկտուալները, սպորտսմենները, արվեստագետները առանձնահատուկ առաքելություն պետք է ունենան հանրային միջավայրում, առնվազն ինչ-որ կարեւոր արժեքներ ու ճշմարտություններ վերարտադրելու գործում։ Իսկ ի՞նչ էին մարդկանց վերջին օրերին փոխանցում մեր սպորտսմենները։ Թերեւս՝ ոչինչ, քաղաքացիական անշարժություն եւ կոնֆորմիզմի մեջ թաղված լռություն։
Կամ էլ՝ կամքից անկախ, նրանք դարձել էին փաշինյանական հեքիաթի դերակատարները, իբրեւ թե երկրում ամեն ինչ լավ է, տնտեսությունը աճում է, փողոցները ասֆալտապատվում են, միայն թե մի փոքրիկ խնդիր կա․ անվտանգությունը տապալված է, բայց դա էլ ոչինչ, միջազգային մեխանիզմները մեզ կփրկեն։
Ես սպորտսմեններից քաղաքական ինչ-ինչ ակցիաներ կամ շոուներ չեմ ակնկալում։ Անլուրջ կլիներ, եթե նրանք էլ ներքաշվեին ադրբեջանական կամ էլ թուրքական դրոշ այրելու ապաքաղաքական եւ անհեթեթ գործողություններում։ Ընդամենը պետք է ցույց տային, որ իրենք փաշինյանական անհոգ եւ անգո իրականությունից չեն, զանգվածներին պետք է հասկացնեին, որ իրենք փորձությունների մեջ գտնվող «Մենք»-ի անբաժանելի մասնիկներն են, դրա ցավի ու տառապանքի կրողները։
Պետք է իրենց հեղինակությամբ հիշեցնեին էթնիկ զտման սպառնալիքի տակ ապրող Արցախի, մաշված համազգեստներով զինվորների, գերիների, զոհերի եւ սողացող սահմանների մասին։ «Մենք»-ը որպես հավաքականություն գոյություն ունի ոչ միայն քաղաքական որոշման, այլ նաեւ անհատների մշակութային եւ սոցիալական վարքագծի շնորհիվ, հատկապես այն անհատների, որոնք ի զորու են ցնցելու զանգվածներին։
Այս ամենի բացակայությամբ Ադրբեջանի դրոշ վառելու ակցիայի անհեթեթությունը կրկնապատկվում է, իսկ ՀՀ եռագույնի ծածանումը փոխակերպվում է ամորֆ ինչ-որ պայմանականության։ Սիմվոլները կորցնում են իրենց արժեքը, երբ բացակայում է արժեքային ազդակը, խոսքը, ժեստը։
Ցավոք, սպորտն էլ հանրային այլ ոլորտների պես էթնիկ հպարտության բնազդների բավարարման տարածություն է դարձել՝ ջնջելով դրա մեջ քողարկված հանրայինը, քաղաքացիականը, մարդկայինը, պետականը։
Օրինակ՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողները այդպես էլ չհասկացան, որ պատերազմում պարտությունից օրեր անց չէր կարելի ստադիոնում հու-հու գոռալ, գոնե դուք, հարգելի ըմբիշներ ու ծանրամարտիկներ, ձեր հաղթանակները աշխարհի հետ կապը կորցրած արցախցիներին նվիրեք, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղիղ եթերով հետեւում են մեդալների ձեր հանդեսին։
Ոչինչ, Արայիկ Հարությունյանի տոնն էլ թո՛ղ մի փոքր փչանա, բայց հազարներն էլ գոնե կհասկանան, որ դեռեւս կան չպղծված ճշմարտություններ՝ հանրային ապրումակցում, ուշադրություն, սեր, հոգատարություն եւ այլն։
Կրկնում եմ եւս մեկ անգամ, ես սպորտսմեններին քաղաքական պայքարի դուրս գալու կոչեր չեմ անում, ընդամենը հիշեցնում եմ, որ չի կարելի ապրել ու գործել այնպես, կարծես թե այս երկրում ոչինչ չի եղել եւ չի էլ լինելու։ Չեմ էլ պնդում, թե նրանք հայրենասեր չեն ու թքած ունեն երկրի ճակատագրի վրա։ Իմ ակնկալածն ընդամենը քաղաքացիական դիրքորոշումն է, որն ավելին է, քան քաղաքական կողմնորոշումը եւ անհատի մասնավոր դիրքավորումը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։