Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ տարաբնույթ միջադեպերի աճի վերաբերյալ, որոնց հետեւանքով պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի, եւ նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ծագած խնդիրներից շատերը հետեւանք են երկար ամիսների պարապուրդի եւ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության։
«Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմ քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից՝ խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը քաղաքական կամք կդրսեւորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու Ադրբեջանին եւ Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։