Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում խոստացել է, որ ԱՄՆ-ը երբեք չի մոռանա Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին: «1915-ի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին եւ համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները կրկին պարտավորվում է դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները եւ կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով եւ հարգանքով»։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն որակել է իբրեւ «քաղաքական շառլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու եւս մեկ փորձ»։ Նա նշել է, թե «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։ Չավուշօղլուն հայտարարել է նաեւ, թե որեւէ մեկն իրավունք չունի Թուրքիայի պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել Թուրքիային։