Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ ազգային ժողովում էր։ Ներկայացնում էր կառավարության ծրագրերի կատարողականն ու հաշվետվությունը։ Առաջարկեց խոսել ապագայի մասին, քանի որ դրանք «ավելի կարեւոր» են։ Եվ այդ համատեքստում անդրադարձավ իրենց՝ իշխանության ու ժողովրդի «պորտալարով» կապին։
Լսողություն, տեսողություն եւ մյուս զգայարանները դեռ ունեցող ցանկացած կշռադատող քաղաքացի կարող է նկատել, որ ԱԺ եւ ցանկացած այլ ամբիոն վարչապետ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար ոչ թե հաշվետվության, թափանցիկության ու կառավարման արդյունքների քննարկման, այլ նոր խոսույթներ հանրային դաշտ մղելու համար է միայն։
Հետճշմարտության այս դարաշրջանում, կարեւորը մրցակցող խոսույթներն ու դրանք տարածող-խոսող գլուխներն են, երբեմն խրոխտ դեմքով, երբեմն կոստյումով ու փողկապով, բայց միշտ, պարտադիր ամենօրյա եթերով ու անընդհատ, անընդհատ, որ լսողի ու դիտողի մոտ կրկնությունից իրականության զգացողություն ձեւավորվի։
Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հիշել «»ժողովրդի պորտալարն» ու իրենց՝ «միջին վիճագրական քաղաքացիների» կապը սիրելի ժողովրդի հետ։ Ժողովրդի, որն ըստ Փաշինյանի՝ աղքատությունը իր գլխում է պահում, ժողովրդի, որը «դասալիք» է ըստ վարչապետի ընտանիքի եւ ժողովրդի, որը «պետական դավաճան է» ըստ Փաշինյանի եւ նախաքննական մարմինների։
Որն էր այս շաբաթվա թեզիսներից առանցքայինը, ինչ նոր հղացումներ է ունեցել մեր հարգարժան վարչապետը։ «Ձեզ եւ մեզ հայտնի շատ ուժերի նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ խոսակցության զրույցի թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում ու կորցնենք էմոցիոնալ, վիզուալ ու քաղաքական կապը Հայաստանի քաղաքացիների հետ։ Պիտի տուն առ տուն, գյուղ առ գյուղ մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ: Նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի: Մեր ամենամեծ թերությունն ու առավելությունն այն է, որ մենք իշխող կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, որոնք մանդատ են ստացել ժողովրդից: Բարոյական արգելքները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ էլիտաների հետ: Մենք շարունակում ենք պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ»,- հայտարարում է Փաշինյանը։
Ժողովրդի հետ էմոցիոնալ կապը միջին վիճակագրական քաղաքացի պաշտոնյաները վաղուց զոդել են։ Զոդել Բաղրամյան փողոցի մատույցներում, երբ ԱԺ-ն՝ ժողովրդի կամքի ուղիղ ներկայացուցիչը, եռակցեց ԱԺ այգու դարպասները եւ առանձնացավ ժողովրդից։ Այնուհետեւ, երբ Բաղրամյան փողոցի վրա փակվեց պետական վերահսկողական ծառայության բակը՝ որը համատեղության կարգով ճանապարհ էր հասարակ ժողովրդի ու վարորդների համար։ Հետո արդեն սեւազգեստ մայրերին քարշ տվեցին Եռաբլուրից, որպեսզի միջին վիճագրական պաշտոնյաների տոնը չփչացնեն, ապա պետական պահպանության ծառայությունն անցավ Սերժ Սարգսյանի հին բարքերին՝ ամբողջական փողոցներ ու մայթեր մաքրելով հասարակ ժողորդից, որպեսզի միջին վիճակագրական վարչապետը առանց խոչընդոտների տեղաշարժվի մեր սրտի քաղաք Երեւանում։ Դրան գումարվեց նաեւ միջին վիճագրական ԱԺ նախագահի հայտնի արտաներտումները միջին վիճագրական քաղաքացու վրա եւ այդպես շարունակ։
Չմոռանանք նաեւ որ մեր սրտի միջին վիճակագրական պաշտոնյաները գաղտագողի օրենք ընդունեցին, ըստ որի իրենց անձնական բժշկի ծախսերն էլ փակելու են մեր՝ պորտալարով իրենց հետ կապված ժողովրդի գրպանից։ Երեւի իրենց աշխատավարձը բավարար չէ սեփական բժշկական ծախսերը հոգալու համար, կամ ժողովրդի հետ պորտալարով կապ ասելով հասկանում են փողի պորտալարը, որը կամաց-կամաց կարելի է փաթաթել ժողովրդի վզին։
Բայց, կարեւորը ամենեւին պոպուլիզմը չէ, այլ այն, որ պաշտոնյաները, որոնք մեր քվեն են ստացել, որ մեր կյանքը բարելավեն, մարդիկ, որ մեր քվեն են ստացել երկրի պաշտպանության, անվտանգության ու զարգացման հարցերը լուծելու համար, իրենց հիմնական առաքինությունն են հռչակում այն, որ իրենք մեզնից մեկն են։ Այնինչ, արդեն իսկ ընտրության փաստով, այն պահին երբ քվեն ընկնում է քվեատուփը, իրենք դառնում են իշխող, իսկ մենք՝ իշխվող։
Ըստ ժողովրդավարական պետության կանոնի՝ մենք զիջում ենք ինքներս մեզ ներկայացնելու իրավունքը իրենց, որպեսզի իրենք՝ իշխողները մտածեն եւ հոգ տանեն մեր բարեկեցության մասին, բայց քանի որ իրենք մտածում ու հոգ են տանում սեփական բնակարանների, սեփական «Բյուրեղ» թաղամասերի, սեփական անվտանգության եւ պադավատների մասին, վերջնարդյունքում մնում է մեզ՝ ընտրողներիս, համոզելը, որ իրենք մեզնից մեկն են։ Որ եթե երկրի բարձրագույն մարմնի՝ Ազգային Ժողովի նախագահը արտանետում է անպաշտպան քաղաքացու վրա, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջին վիճակագրական պաշտոնյանի սիրո արտահայտություն, դա իշխանություն-ժողովուրդ պորտալարի ամրապնդումն է։
Այն, որ վարչապետի շքախումբը դժբախտ պատահարի բերմամբ կարող է վրաերթի ենթարկել քաղաքացուն՝ չպահպանելով անվտանգության կանոնները, դա էլ է պորտալարի արտահայտություն։ Այն, որ տարատեսակ պաշտոնյաներ սեփական նախարության միլիոնավոր դրամների տենդերներ են տալիս հարազատ-բարեկամներին՝ դա էլ է պորտալար։ Եվ ընդհանրապես ամեն ինչ եւ ամեն բան վաղուց պորտալար է, պարզապես այդ պորտալարը աշխատում է մի ուղղությամբ։
Իշխանությունն այդ պորտալարով հավաքում է մեր/ձեր հարկերը, ուղղում այն սեփական կենսապայմանների, բնակարանների, հավելավճարների, պարգեւավճարների ու աշխատավարձերի ավելացմանը՝ շեշտենք առանց նախապայման ավելացմանը, իսկ ժողովուրդը պետք է սուբսիդավորվի ու ատեստավորվի, որպեսզի այդ նույն հարկերից ինքն էլ օգտվի։
Պորտալարն ուրեմն միակողմանի բարիքի համար է, իսկ ԱԺ ամբիոնը՝ ժողովրդին համոզելու հարթակ, որ եթե դուք տեսնում եք 40-50.000 դոլարանոց մեքենաներով ու շարասյուներով պաշտոնյաներ, հիշե՛ք, որ նրանք դա անում են ձեր բարեկեցության համար, որ նրանք ձեզ պես միջին վիճակագրական քաղաքացիներ են, ուղղակի ժամանակավորապես վայելում են պաշտոնի բարիքները, քանի որ իշխող-իշխվող հիերարխիայում իրենք են որոշում թե բոլորիս գումարը նախեւառաջ ո՞ւմ եւ ի՞նչ կարիքների համար է։ Որ օրինակ եթե դուք ժառանգել եք բնակարան Մաշտոցի պողոտայում եւ չեք կարողանում դրա գույքահարկը վճարել, ապա պետք է այն վաճառեք ու հեռանաք, իսկ եթե իրենք իրենց համեստ աշխատավարձից չեն կարողանում հոգալ իրենց բժշկական ծախսերը՝ ապա դա կանեն ձեր հաշվին՝ կառավարության հատուկ որոշմամբ։
Ահա, այսպիսի սիրո ու հանդուրժողական պորտալար հասարակ ժողովրդի ու միջին վիճակագրական պաշտոնյաների միջեւ, աննախադեպ ու անթաքույց իր պարզության ու փարիսեցիության միջեւ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։