Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ միայն դժվարացնում է մարդկանց ազատ տեղաշարժը եւ մատակարարումները տարածաշրջան, այլեւ միջազգային իրավունքի խախտում է։ «Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։
Շուշիի շրջանի 5 համայնք մնացել է լիակատար շրջափակման մեջ․ Արցախի պետնախարար
Ավելի վաղ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
«Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը եւ ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս եւ այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաեւ Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Գուրգեն Ներսիսյանը: Նշված համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի ՀՀ եւ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար պետնախարարը դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին: