ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը ապրիլի 25-ին Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչելու Արցախի անկախությունը եւ դատապարտելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով»,- նշված է բանաձեւի տեքստում:
Ըստ ՄԱԿ-ի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը: