Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի կառավարության եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերով ապրիլի 25-ին հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:
Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, եւ քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:
Բաքվի համար քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ պետք է լինեն. Ռասմուսեն
Ապրիլի 25-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրմանը,Ադրբեջանի կողմից լարվածության սրացումը մտահոգիչ է համարել: «Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները եւ Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները, կլինեն քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ»,- շեշտել է Ռասմուսենը: