Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 26-ին Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ավանդական ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, որը մեզ թողեց աղոթագիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը»,- շեշտել է Ֆրանցիսկոս պապը։
Անդրադառնալով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուին՝ Հռոմի քահանայապետը նշել է, որ հայ միջնադարյան հոգեւորական-աստվածաբանը քրիստոնյաներին վայել համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է։ Ըստ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հաղորդագրության՝ «Նորին Սրբությունը նաեւ նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի վանքում, ուր նա սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը եւ, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե՛ հայ գրականության եւ թե՛ հայ հոգեւոր ժառանգության գագաթնակետը։
Ի դեպ
Քահանայապետը 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։ 2021-ի փետրվարի 2-ին էլ Ֆրանցիսկոս պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
Հայ սրբի մասին Հռոմի պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, դրանց թվում՝ արեւմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, իտալերենով եւ ռուսերենով։