Փաշինյանին հասկանալ, վստահ եմ, կարելի է, բացատրել նրա մղումները, նրա վարքը, կարելի է, արդարացնել, բայց, հնարավոր չէ։
Նա է 2018-ին արթնացած մեր ամենալուսավոր հույսերը տապալել։ Նա է պարպել անօգուտ այն հզոր լիցքը, որ տարիներով կուտակել էինք։ Նրա մեղքով է, որ կա մեր այսօրը։ Նա է երկիրը պատերազմի առաջնորդել։ Նրա օրոք է արձանագրվել պարտությունը։ Եվ անիմաստ են նրա արդարացումները, թե վատ ժառանգություն է ստացել, թե իրեն այլ իրականություն են ներկայացրել, վստահեցրել են՝ կռվելու ու հաղթելու է։
Չէր հասկանում, այսօր էլ չի հասկանում, որ հարեւանի դեմ պատերազմը հաղթանակ չի բերում։ Հարեւանի դեմ պատերազմը թշնամություն է բերում, եղած թշնամությունն է խորացնում։
Ժողովրդի վստահությունը վայելող իշխանավորի առաջին գործը պետք է լիներ ոչ թե պատերազմն ու հաղթանակը, այլ պատերազմի բացառումը եւ հաշտության եզրերի որոնումը։ Եթե նպատակը սա չի եղել, եթե իշխանության գալով նա այս գործով չի զբաղվել, ուրեմն արդարացում չունի։ Ուրեմն ինքն է պատերազմի պատճառն ու պարտության առաջին պատասխանատուն։
Որքան էլ աճպարարի հմտություններ ցուցաբերի, որքան էլ այլ մեղավորներ ու պատասխանատուներ որոնի, որքան էլ այլոց մատնացույց անի, որպես գլխավոր մեղավոր ու գլխավոր պատասխանատու ինքն է մնալու։
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց պատասխանատվության ու մեղքի չափն, իհարկե, ունեն, նրանք են 1998-ին հաշտության որոնման ճանապարհը փակել, 20 տարի շարունակ նրանք են ձգել խնդրի լուծումը, կարծել են, թե ձգելու են հավերժ, բայց որպես առաջին մեղավոր ու առաջին պատասխանատու ինքն է մնալու։
Այդ սարսափելի պատերազմը, որ այսքան խորացրեց հարեւան ժողովուրդների միջեւ թշնամությունը, որ այդքան կյանքեր խլեց ու դեռ շարունակում է խլել, սկսվել ու դեռ ընթանում է իր գլխավորությամբ եւ իր գործուն մասնակցությամբ։
2018-ի ապրիլ-մայիսյան հաջողությունից հետո նա հավատացել էր՝ բացառիկ է ինքը, հաջողությունն իր ուղեկիցն է՝ պատերազմելու ու հաղթելու է։ Մնալու է պատմության մեջ որպես մեծ զորավար ու մեծ կազմակերպիչ։ Ինքնազմայլված էր ու կտրված իրականությունից։
Երբ իշխանավորն իր բացառիկությամբ է տարված, երբ ինքնահիացումն է առաջնորդում նրան, երբ թվում է նրան, թե խորհրդի ու խորհրդականների կարիք չունի, համոզված է, թե միայն ինքը գիտի՝ ինչ եւ ինչպես է պետք, մի ողջ ժողովրդի օր ու ապագա միայնակ տնօրինելու-որոշելու իրավունք է իրեն վերապահում, ոչինչ լավ լինել չի կարող։ Նման դեպքում միայն տապալում ու արհավիրք է լինելու։ Երեկվա ընդունված առաջնորդը պատուհասի է վերածվելու:
Հասկանո՞ւմ է Փաշինյանն աղետը, որ կա իր պատճառով։ Անկասկած հասկանում է։ Նրա մտավոր կարողությունները թույլ են տալիս, որ հասկանա։ Հասկանում է, բայց չի ընդունում։ Ավելին՝ աղետը նրան չի հուզում։ Նա իրենով ու իր խնդիրներով է տարված։
Երբ հասկանում ես աղետի չափը, որ կա քո պատճառով, բայց քո ազնվությունը, քաջությունը, համարձակությունը չեն ներում, որ քո պատասխանատվությունն ընդունես, այլ մեղավորներ ես փնտրում, այլոց ես մատնացույց անում, ուրեմն անհույս ես դու։
Այսպես սոցիոպատներն են վարվում։ Բժշկական հանրագիտարանն ասում է՝ սոցիոպատ են նրանք, ովքեր սոցիալական նորմերով կաշկանդված չեն, կենտրոնացած են միմիայն սեփական անձի վրա, իմպուլսիվ են, անհամբեր են ու ագրեսիվ, որոնց խորթ են կարեկցանքն ու այլոց հույզերը, համարժեք չեն զարգացումներին, սեփական սխալն ու մեղքը չեն տեսնում, չեն ընդունում, իրենց սխալները հանգամանքներով են պայմանավորում եւ այլոց են վերագրում, այլոց են անընդհատ քննադատում, երբեք ու ոչ մի պարագայում չեն զղջում։
Վերջին խոսքն, իհարկե, մասնագետինն է, բայց մենք բոլորս էլ, երեւի, մի քիչ սոցիոպատ ենք։ Սխալներ ենք գործում, դժվար ենք ընդունում մեր սխալներն ու մեր մեղքերը։ Շատ կցանկանայինք, որ մեղավորն այլք լինեն։ Անգամ մի քիչ ամբոխավար ենք՝ դեմ չենք էժան ծափահարություններին, բայց այսքան ճշգրիտ համապատասխանել սոցիոպատի չափորոշիչներին, որքան Փաշինյանն է համապատասխանում, քիչ դեպքերում է լինում։
Ցավն այն չէ, որ նա կաշկանդված չէ սոցիալական նորմերով, չի հարգում համակեցության կանոնները, անպատասխանատու է, ցինիկ է, անհետեւողական է, ինքնասիրահարված է, խոստումնազանց է ու մանիպուլյատոր, ցավն այն է, որ նա է ներկայացնում մեր երկիրը, նա է խոսում մեր անունից, նա է վճռում մեր ապագան։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։