Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Աբերգը (Շվեդիա) դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը եւ բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:
«Վերահաստատում ենք 2022-ի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման ԵԽԽՎ կոչը եւ հիշեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ ըստ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, եւ հրամանը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք արել ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի՝ ամենաբարձր մակարդակով աջակցվող բանակցային ջանքերը եւ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը։ Կոչ է արվում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները եւ բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նշվում է, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է նաեւ մուտք գործել Լաչինի միջանցք՝ տեղում անմիջականորեն իրավիճակին ծանոթանալու համար: