Թուրքիան խստորեն դատապարտել է Երեւանում ապրիլի 25-ին «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրումը։ Արձանը, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից եւ 1918-ի Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ամոթալի հուշարձանի բացումը փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունը, որի հետևանքով սպանվել են 31 թուրք դիվանագետներ եւ նրանց ընտանիքի անդամներ»։
«Նման կարգի սադրիչ քայլերը խորթ են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան կարգավորման գործընթացի վրա»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։
Ավելի վաղ հուշակոթողի տեղադրումը դատապարտել էր Բաքուն։