Չեխիայի եւ Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը եւ Զուզանա Չապուտովան ապրիլի 28-ին այցով ժամանել են Կիեւ։ Երկու պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ կհանդիպեն նրա կառավարության ղեկավարների հետ։ Ըստ blesk.cz լրատվական հարթակի՝ համատեղ այցը ծրագրել էին դեռ հունվարին՝ Պետր Պավելի՝ Չեխիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներով` ուղեւորության ժամկետների մասին նախապես չի հայտարարվել։
Չեխիան եւ Սլովակիան համակողմանի օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Այցի ընթացքում երկու երկրների նախագահները մտադիր են եւս մեկ անգամ իրենց աջակցությունը հայտնել Կիեւին:
Օդային տագնապ Ուկրաինայի ամբողջ տարածքում
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ումանում շուրջ 10 բազմահարկ շենք է վնասվել, առնվազն 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել: Ապրիլի 28-ի առավոտյան Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Կիեւում գործարկվել է ՀՕՊ համակարգը, 20-ից ավելի հրթիռ է խոցվել: Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգի Չերեւատին հայտարարել է, որ Բախմուտը ռազմական գործողությունների հետեւանքով գրեթե ամբողջովին ավերվել է: «Բախմուտը գրեթե անմարդաբնակ է։ Մնացել են փոքրաթիվ խաղաղ բնակիչներ, որոնք հրաժարվում են հեռանալուց։ Մարտերի պատճառով նրանց տարհանումը բարդանում է»,- նշել է պաշտոնյան: Բախմուտում այժմ ամենակատաղի մարտերն են, ռուսական կողմը պնդում է, որ վերահսկողություն է հաստատել քաղաքի մեծ մասի նկատմամբ: Ավելի ուշ Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը քաղաքացիական շինություններ է թիրախավորել է Ումանում եւ Դնեպրում: