Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնեւում։ «Մեր նպատակն է կողմերի միջեւ հանդիպումներ կազմակերպել նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, դրա վրա աշխատում ենք, եւ այս գործընթացն է, որ մեր կողմից ջանքեր է պահանջում»,– նշել է Կոլոննան։ «Հույս ունենք, որ Քիշնեւում կհաջողվի բարձր մակարդակի երկխոսություն անցկացնել, ինչպիսին տեղի ունեցավ Պրահայում»,– նշեց Կոլոննան։ Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի՝ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, պետք է ընդհանուր եզրեր գտնել ապագա հանդիպումների համար։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում 2023-ի հունիսի 1-ին նախատեսված է եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, որին մասնակցելու են 47 երկրի ղեկավարներ, ինչպես նաեւ ԵՄ ղեկավարությունը: Միջոցառմանը մասնակցելու մտադրության մասին հայկական կողմը պաշտոնապես չի հայտնել։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով՝ «ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը» հարցին, հայտնել է, որ քննարկումներ են ընթանում մոտ ժամանակաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ։ «Ադրբեջանը եւս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետեւ նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը»,– նշել է ԱԽ քարտուղարը։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը պարզապես ձգտում է միջազգային հանրության ուշադրությունն այլ կարեւոր հարցերից շեղել։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները։ Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին վերադարձրել է բանակցությունների սեղանի շուրջ։