ՄԱԿ-ում եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում վերջին քայլերը կարող են արվել առանց նախապայմանների եւ կողմերի վճռականության շնորհիվ: Իրանական կողմն արդեն քանիցս հայտնել է բանակցությունները մինչեւ համաձայնագրի կնքումը շարունակելու մասին իր պատրաստակամությունը:
«Առանց որեւէ նախապայմանի, բոլոր կողմերի բարի կամքի ու վճռականության շնորհիվ եւ մինչեւ օրս անցկացված բանակցությունների շրջանակում կարող են ձեռնարկվել բանակցությունների եզրափակիչ քայլերը: Միացյալ Նահանգները երկարատեւ բանակցություններն ավարտին հասցնելու համար պետք է կամք եւ ուժ դրսեւորի», — շեշտել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։