Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից 138 օր շարունակ Լաչինի միջանցքը փակ պահած Ադրբեջանի «բնապահպանները» ապրիլի 28-ին՝ 18:00-ին, դադարեցրել են իրենց «էկոակցիան»։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը «ակցիայի» մասնակիցներին հայտնել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: «Դրա համար էլ մասնակիցներին առաջարկվել է դադարեցնել ակցիան»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի ներքին գործերի նախարարությունից, սակայն, հայտնել են, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեռ տեղում են: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը նշել է, որ ակտիվիստների հեռանալը միայն մի բան կփոխի՝ Շուշիի շրջանի չորս գյուղերի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերը մնացել են ադրբեջանական երկու անցակետերի միջեւ։