Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ 2008-ի պատերազմին հետեւած հրադադարից հետո Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվություն էին կրում հակամարտության տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար եւ պետք է ապահովեին Մարդու իրավունքների կոնվենցիայի պահպանումը։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը թույլ է տվել վրացի խաղաղ բնակիչների սպանություններ, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների խոշտանգումներ, կամայականորեն մարդկանց զրկել ազատությունից, թալանել, խանգարել է վրացիների վերադարձը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրենց տները, ասված է ապրիլի 28-ին դատարանի կայքում հրապարակված որոշման մեջ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ հակամարտության գոտում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները կանխելու համար ռուսական կողմը միջոցներ չի ձեռնարկել։
2022-ի սեպտեմբերի 16-ին Ռուսաստանը դադարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ լինելուց։ Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ պահպանում է Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված դիմումները քննարկելու իր իրավասությունը, պայմանով, որ դրանք ուղարկվել են մինչեւ այդ օրը: Ավելի վաղ՝ 2022-ի մարտի 16-ին, հայտնի դարձավ, որ Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու պատճառով ՄԻԵԴ-ը դադարեցրել է քննել Ռուսաստանից ստացվող բողոքները: Միաժամանակ նշվում է, որ ՄԻԵԴ-ում պետք է քննվեն մինչեւ 2022 թվականի մարտի 16-ը ռուսաստանցիներից ստացված գործերը, եւ մինչ այդ օրը ընդունված դատավճիռները պետք է կատարվեն: